Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դժգոհ եմ, որ մարզուհիները ծանր կիլոգրամներ չեն կարողանում հաղթահարել»․ Արտաշես Ներսիսյան

22:20, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«Դժգոհ եմ, որ մարզուհիները ծանր կիլոգրամներ չեն կարողանում հաղթահարել»․ Արտաշես Ներսիսյան

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության ավարտից հետո Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփեց առաջնության արդյունքները։

«Առաջիկա խոշոր մրցումը տեղի կունենա հուլիսին՝ պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ կխաղարկվեն Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Քանի որ շատ ժամանակ կա մինչ հուլիս, այդ պատճառով Հայաստանի առաջնությանը ծանրորդուհիները չբարձրացրեցին այն կիլոգրամները, որոնք պետք է բարձրացնեին։ Մարզուհիներն օգտագործել են իրենց հնարավորությունների 80-90 %-ը։ Այդքանը բավարար էր՝ ավելորդ վնասվածքներից խուսափելու համար։ Այդ պատճառով թույլատրեցինք, որ ամեն ինչ չներդնեն՝ լավ կիլոգրամներ բարձրացնելու համար։ Գոհ եմ, որ 36 հոգի մասնակցել է Հայաստանի առաջնությանը, և ոչ ոք վնասվածք չի ստացել, անփորձանք ավարտեցինք մրցումը։ Դժգոհ եմ, որ մարզուհիները ծանր կիլոգրամներ չեն կարողանում հաղթահարել, որոնք կբավարարեին այսօրվա դրությամբ մեծահասակների վարկանշային մրցումների համար։ Պետք է մինչև նոյեմբեր հավաքների միջոցով, անձնական մարզիչների աշխատանքով կարողանանք նորմալ կիլոգրամների հասնենք, որպեսզի վարկանշային միավորներ վաստակենք»։

Խոսելով առաջիկա ծրագրերից, մասնագետը նշեց․ «Առաջիկայում հավաքներ կանցկացնենք, ինչից հետո պատանիները կմեկնեն Եվրոպայի առաջնության։ Կաշխատենք թիմով անհրաժեշտ վարկանշային միավորները վաստակել, որպեսզի մասնակից ունենանք պատանեկան օլիմպիական խաղերին։ Խոսակցություններ կան, որ վարկանիշներն անհատական են լինելու, սակայն այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, քանի որ դեռևս օրենքը չի կազմավորվել։ Հստակ տեղեկություններ կլինեն IWF-ի համագումարից հետո՝ մարտին։ Ինչ վերաբերում է որակազրկման ժամկետներին, նշեմ, որ բաց կթողնենք միայն մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, մնացած բոլոր մրցումներին կմասնակցենք։ Դեռ որոշումը չկա, բայց գիտեմ, որ անպայման ներում կշնորհվի մեզ, քանի որ 2012 թվականից ի վեր ոչ մի դրական դոպինգ-փորձանմուշ չունենք։ Ոչ մեկ ոչ մի դոպինգ-խախտում թույլ չի տվել»։

3097 | 0
Facebook