Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը խոստովանում է, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին». Սպիտակ տուն

13:30, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«Թրամփը խոստովանում է, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին». Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին խոստովանում է, որ ռուսական կողմը ոչ միայն փորձել է, այլև փաստացի միջամտել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է Deutsche welle-ն՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական հայտարարությանը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը փետրվարի 20-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թրամփն ակնհայտ է համարում ընտրություններին ռուսական միջամտությունը:

«Բացարձակ ակնհայտ է նաև այն, որ այդ միջամտությունը չի ազդել ընտրությունների վրա: Ակնհայտ է, որ Թրամփի նախընտրական շտաբը հաղթանակի հասնելու համար որևէ գործարք չի կնքել ռուսների հետ»,- ասել է Սանդերսը:

Նա նշել է, որ Թրամփը բազմիցս խոստովանել է ռուսական միջամտությունը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չսահմանեց, Սանդերսը միայն նշել է, որ ԱՄՆ նախագահը «շատ ավելի խիստ» է Ռուսաստանի նկատմամբ, քան նախկին նախագահ Բարաք Օբաման՝ 8 տարիների ընթացքում:

Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղարի՝ պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան որոշակի խախտումների, որոնք տեղի չեն ունեցել:

Միևնույն ժամանակ, Սանդերսը նշել է Թրամփի որոշակի գործողություններ, որոնք Ռուսաստանին «չեն ոգևորում». դրանք են՝ հավելյալ ֆինանսավորում ԱՄՆ բանակի համար, էներգակիրների արտահանում Արևելյան Եվրոպա, պատժամիջոցների աջակցում, որոնք սահմանվել են Օբամայի վարչակազմի կողմից, սպառազինության տրամադրում Ուկրաինային և այլն:

8378 | 0
Facebook