Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա տեսել է արևային մի քաղաք...». այս օրն իր մահկանացուն է կնքել Ալեքսանդր Թամանյանը

16:35, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«Նա տեսել է արևային մի քաղաք...». այս օրն իր մահկանացուն է կնքել Ալեքսանդր Թամանյանը

«Թամանյանը «ճարտարապետական անսպառ հմտությունների, փորձառությունների, խորունկ տեսությունների և անթերի ճաշակի մի ամբողջ աշխարհ է»,- ահա այսպիսին է եղել Ավետիք Իսահակյանի գնահատականը հանճարեղ ճարտարապետի մասին:

Եղիշե Չարենցն էլ՝ լսելով Թամանյանի անժամանակ վախճանի լուրը գրել է «Մահվան տեսիլք» բանաստեղծությունը, նրան համեմատելով «լուսավոր կանթեղի» հետ։

1936թ. փետրվարի 20-ին մահացել է հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանը: Նա ծնվել է 1878-ի մարտի 4-ին, Կրասնոդարում:

1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։ Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու (1779, ճարտարապետ՝ Յու. Մ. Ֆելտեն) վերակառուցումն է (1904-1906)։

Սուրբ Կատարինե եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)
Սուրբ Կատարինե եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)

Երևանում նրա նախագծով կառուցվել են՝ աստղադիտարանը (1930-1935) անատոմիկումը (1926-1933)

անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932) հանրային գրադարանը (1932-1938)։

Կառավարության տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-1941, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու)

Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն)։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Բյուրականի աստղադիտարան
Բյուրականի աստղադիտարան

Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը։

Իվան Ժոլտովսկին՝ ռուս նշանավոր ճարտարապետներից մեկն, իր հայ գործընկերներին հորդորում էր հետևել նրա օրինակին՝ «բազմապատկել ազգային արվեստի փառքը և ժողովրդի համար կերտել իսկական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ»։

Թամանյանի անունով Երևանում կոչվել են փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը: 2001 թ-ին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:

«Նա տեսել է արևային մի

քաղաք...

Ինչպես մաքուր մարմարի

կապույտ կողին նկարած

Արևային ժամացույց՝

քարտե՜զն ահա քաղաքի, -

Պողոտաներ, փողոցներ՝

բոլորաձիգ երկարած,

Իսկ կենտրոնում երկնահաս,

գրանիտյա մի բագին»:

Եղիշե Չարենց

4547 | 0
Facebook