Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեխայի «հրաժեշտը դպրոցին» ի՞նչ արժե ծնողի համար

14:30, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Երեխայի «հրաժեշտը դպրոցին» ի՞նչ արժե ծնողի համար

Եվս մի քանի ամիս և հանրապետության դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Եվ այդ միջոցառման համար շատ դպրոցներ սկսել են պատրաստվել դեռևս նախորդ տարվանից:

Գաղտնիք չէ, որ «հրաժեշտը դպրոցին» շատ թանկ է «նստում» ծնողների վրա: Վերջինները, թեպետ, ամենից շատ են ուրախանում այդ բաղձալի օրվա համար, սակայն վաղուց դպրոցների միջև գոյություն ունեցող մրցակցային երևույթը, ծայրահեղությունների հասնող անիմաստ ճոխություններն ու շքեղաշուք հանդեսներն, այս հիշարժան, սպասված տոնը դարձնում են իսկական տառապանք թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար:

Վերջին շրջանում MAMUL.am-ն ահազանգեր է ստանում տարբեր դպրոցներից՝ «Վերջին զանգի» արարողության համար հավաքվող գումարների վերաբերյալ: Մեզ դիմած ծնողների երեխաները սովորում են թիվ 194, թիվ 1 դպրոցներում (ծնողների անունները, հասկանալի պատճառներով, չենք նշում):

Թիվ 194 հիմնական դպրոցի ծնողները մտահոգություն հայտնեցին, որ սոցիալական նման ծանր ժամանակաշրջանում, դասարանի ծնողական կոմիտեն որոշել է յուրաքանչյուր ծնողից հավաքել 45 հազար դրամ: «Այդ ի՞նչ են պատրաստվում անել, որ ավելի համեստ գումարի մեջ չեն կարող տեղավորվել: 30-35 հոգանոց դասարանում, եթե 5-10 ծնողի սոցիալական վիճակը բավարար է, դա չի նշանակում, որ բոլորն էլ հնարավորություն ունեն այդքան գումար տալու…»: «Իսկ ո՞վ է նրանց խնդրել մեր փոխարեն որոշում կայացնել՝ ինչն է լավ, ինչը վատ, ինչ հագնեն, որտեղ նշեն, ինչ նվիրեն դասատուներին… իրենք ի՞նչ գիտեն իմ հնարավորության չափը»,- նեղսրտում էր մի ծնող: Մեկ ուրիշն էլ նշեց, որ դպրոցներում չէր լինի այս վիճակը, եթե տնօրենը «տեղում լիներ», միջամտեր, արգելել որոշ բաներ:

Մեր հարցին, թե տնօրենին փորձե՞լ են հանդիպել, քննարկել այս հարցը, մեր զրուցակիցները վստահեցրին, որ հենց տնօրենների հրահանգով է տեղի ունենում այս «թալանը». «Մի պահ պատկերացրեք՝ ավարտական դասարանը, ենթադրենք, ունի 35 աշակերտ: Նրանցից յուրաքանչյուրը եթե տալիս է 40-50 հազար դրամ, ի՞նչ ենք ստանում արդյունքում: Ո՞վ է, ի վերջո, այս ամենի համար պատասխանատու: Ինչի ծնողն իր երեխային ուղարկում է դպրոց, որ ահուդողով սպասի, թե երբ է ավարտելո՞ւ, փոխանակ ուրախանալու, տխրում ենք: Չեն թողնում մեր ուրախությունից էլ բան հասկանանք: Ո՞ւր են նայում քաղաքապետարանն ու նախարարությունը»,- վրդովված ասում էր ծնողներից մեկը:

Թիվ 1 դպրոցի ծնողների խոսքով էլ ավարտական դասարանի աշակերտները 55 000-ական դրամ են հավաքում. «Եվ դա վերջը չէ: Հանդիսությունների սրահի գումարը, հագուստը և այլ մանրուքներ այդ հավաքած գումարի մեջ չեն մտնում…: Աղջիկ երեխա ունեմ: Չէ՞ որ նրան նաև երեկոյան զգեստ է պետք, կոշիկներ, արդուզարդ: Ստացվում է այսքան գումար տալով, մենք՝ ծնողներս չենք կարող նույնիսկ ներկա գտնվել երեկույթին, կիսել, զգալ այդ ուրախությունը: Ստացվում է՝ այսքան ծախսը 1 հոգու համար է արվում...»,- բողոքում էին նրանք, որոնց հաշվարկով մեկ շրջանավարտի ծախսը շուրջ 100 հազար դրամի է հասնում:

Հուսահատ ծնողների համոզմամբ, այս թնջուկը կարելի է լուծել, եթե անօրինական դրամահավաքությանը միջամտի դպրոցի տնօրինությունը և թույլ չտա որոշ ծնողների անել այն, ինչ նպատակահարմար են գտնում: «Այդ ծնողական կոմիտեի կազմում ունենք այնպիսի ծնողներ, որոնք սոցիալական բարվոք վիճակում են և «սեփական արշինով» են չափում դիմացինին: Մենք նրանց կոչ ենք անում զերծ մնալ ձևականությունից և «աչք չդնել» ուրիշ դպրոցներին և դասարաններին»,- նշեցին նրանք՝ շեշտելով, որ միջոցառում նշելն իր սահմանները պետք է ունենա. «Չի կարելի գումարի չափով չափել միջոցառման կարևորությունը, հաճելին ու գեղեցիկը: Ընդհակառակը՝ կարելի է շատ համեստ ծախսեր անել, որը հասու կլինի ծնողներից յուրաքանչյուրին»:

Որպես հետգրություն, հավելենք, որ վերջին տասնամյակում մեր իրականության մեջ սովորական իրողություն է վերջին զանգը քեֆ-ուրախության կամ, առնվազն, անճաշակ շոուի վերածելը, որը ծախսային առումով լուրջ մտահոգությունների առիթ է դառնում ծնողների համար:

Հաջորդ հրապարակումներում կփորձենք խնդրի վերաբերյալ ներկայացնել փորձագետների ուսումնասիրությունները:

6603 | 3
Facebook