Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է կյանքում, ուր ապրում են». այսօր Հ. Թումանյանի ծննդյան օրն է

11:50, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
«Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է կյանքում, ուր ապրում են». այսօր Հ. Թումանյանի ծննդյան օրն է

Անց կացա՜ն…
     Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
     Ախ ու վախով, դարդերով
     Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում:

«Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
     Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
     Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը»,- Թումանյանի մասին ասել է Ավ. Իսահակյանը:

«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր…Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է նա կյանքի մեջ, ուր ապրում են»,- «Անկեղծ չենք» հոդվածում մտահոգվել է Թումանյանը:

Ե՛տ եկե՜ք…
     Գարնան վարար գետ եկե՜ք,
     Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
     Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Թումանյանը հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա:

«Բանաստեղծը նոր տիպ է տիեզերքի մեջ. եթե մարդկության հետ գործ ունի, հանճար է, օրինակ՝ Շեքսպիրը, եթե ազգի հետ գործ ունի, տաղանդ է»,- ասել է ամենայն հայոց մեծ բանաստեղծը:

Հովհաննես Թումանյանը մահացել է 1923թ. մարտի 23-ին, Մոսկվայում:

Վերջացա՜վ…
     Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
     Ինչ հույս արի` փուչ էլավ,
     Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

Հովհաննես Թումանյան- Քառյակներ
Հովհաննես Թումանյան-«Հայրենիքիս հետ»-պոեզիա
8504 | 0
Facebook