Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանն ունի 2800 տարվա պատմություն, իսկ Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել». ՀՀ նախագահ

10:10, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
«Երևանն ունի 2800 տարվա պատմություն, իսկ Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել». ՀՀ նախագահ

Ինչպես հայտնել էինք, Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Ելույթից հետո ՀՀ նախագահը պատասխանել է նաև քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովը հարցրել է.

- Ի՞նչ եք կարծում Հարավային Կովկասում մենք հիմա ունենք տարածաշրջանային զարգացման ծրագրեր, և նորմա՞լ է, որ Հայաստանը հիմա դուրս է այս ծրագրերից, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտի ծրագրերից: Սրանով հանդերձ ուզում եմ մեկ այլ հարցի անդրադառնալ. եթե չլիներ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և եթե Ադրբեջանի տարածքները չլինեին Հայաստանի օկուպացիայի ներքո, եթե չլիներ էթնիկ զտումների քաղաքականություն Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, ապա հավանաբար այսօր Հայաստանը կկարողանար օգուտ քաղել այդ տարածաշրջանայաին ծրագրերից:
     Այստեղ ես պետք է նշեմ, որ անձամբ ես ունեմ արմատներ Ղարաբաղից, այո, այդպես է, և Դուք պետք է անպայման հասկանաք, որ առանց հակամարտության լուծման, Հայաստանը չի կարողանա լիաժեք շահակից լինել տարածաշրջանում և չի լինի տարածաշրջանի ծրագրերի մասնակից, բացառությամբ, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվելիք տարածքներ: Ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցելու այդ ծրագրերին, և ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը.

- Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: Բայց ուզում եմ սկզբից մի հարց տալ. հարցս մի քիչ հռետորական է` իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել:

Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը:

Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի:

Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանն ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդն առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Շնորհակալ եմ Ձեր այդ հարցաշարի համար:

11483 | 10
Facebook