Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Այսօր Ռուբեն Սևակի ծննդյան օրն է

12:55, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Այսօր Ռուբեն Սևակի ծննդյան օրն է

Ռուբեն Սևակն իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության՝ Ցեղասպանության հեռանկարը։ Սևակն իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։

Այնուհետև Ռուբեն Սևակը զգուշացնում էր. «Ներսի գաւառներու մէջ կոտորածի վախ կայ, կը լսէ՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ» ու պահանջում էր «մարդկօրէն կատղիլ», այսինքն զինված ազատագրական պայքար մղել։

Հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը ծնվել է 1885 թ-ի փետրվարի 15-ին, Ստամբուլի Սիլիվրի նահանգում:

1905-1911/1912 թթ. սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Լավ տիրապետել է ֆրանսերենին։

1908-1914 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները։ Նրա բանաստեղծությունները և մյուս գրությունները լույս են տեսել Կ. Պոլսի «Սուրհանդակ», «Ազդակ», «Շանթ», «Հայ գրականութիւն», «Ազատամարտ», Վենետիկի Մխիթարյանների «Գեղունի», «Բազմավէպ», ինչպես նաև այլ պարբերականներում։

1915 թ., երբ արդեն սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել Մաքրիգյուղի (Մագրիքեոյ) զորամասում։ 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։

1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։

1915 թվականին Չանղըրըում Ռուբեն Սևակը բուժում է հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է:

Ռուբենին ազատելու համար Գերմանիայի արտգործ նախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել-Չիլինկիրյանը։ Բոլորն էլ՝ ապարդյուն։

Ռուբեն Սևակ

1915 թ. օգոստոսի 12 (25)-ին հեռագրել է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ գտնվում է Այաշի բանտում։ 1915 թ. օգոստոսի 13 (25/26)-ին, դեպի Այաշ աքսորի ճանապարհին՝ Չանղըրը և Կալեջիկ (Գալայճըք) գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե (Թյունայ, Թյունեյ) կոչված վայրում, իր 4 բախտակից ընկերների հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանը), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում։ Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը։

| | |
1471 | 0