Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր նուրբ քիմքը կարող էր մի քանի րոպե խաթարվել այդ հոտից, բայց կարող էիք լուծումներ գտնել՝ միանալով ակցիային». Զառա Հովհաննիսյանը՝ «Ելք»-ին

17:35, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
«Ձեր նուրբ քիմքը կարող էր մի քանի րոպե խաթարվել այդ հոտից, բայց կարող էիք լուծումներ գտնել՝ միանալով ակցիային». Զառա Հովհաննիսյանը՝ «Ելք»-ին

«Մեդիա կենտրոն»-ում՝ «Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում. քաղաքական գործիչների Էթիկան ու վարքը» թեմայով քննարկման ընթացքում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն իր անհամաձայնությունը հայտնեց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի տեսակետի վերաբերյալ: «Որևէ մեկը քաղաքական գործչին չի կարող զրկել ակցիաներ իրականացնելու իրավունքից, այդ գործիքակազմից օգտվում է նաև «Ելք»-ը, որը մարդկանց հանում է փողոց, և թանկացումների շուրջ համախմբում հանրային կարծիքն ու փորձում հանրային հուզումներ առաջացել: Այդ դեպքում զերծ պահեք ձեզ նմանատիպ քայլերից, և ընդհանրապես նմանատիպ ակցիաներ մի կազմակերպեք, եթե համարում եք, որ այդ գործիքակազմը քաղաքական գործում խորթ է: Նմանատիպ քայլի ինչ-որ տեղ դրդել է հասարակությունը, այն մարդիկ, որոնք ապրում են Նուբարաշենում և ամեն օր առնչվում այդ խնդրին: Երբ արդեն որևէ պետական ատյան չի մնացել, որ բարձրաձայնեն, մենք՝ իրավապաշտպաններս, այդ մասին ևս խոսել ենք բազմիցս, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում, որտեղ հաճախ հացադուլավորներն են պահվում, լցվում են կոյուղաջրեր: Մարդիկ՝ անգամ հացադուլի պայմաններում, շատ անգամ ստիպված են լինում շնչել այդ օդը: Կներեք, ձեր նուրբ քիմքը կարող էր մի քանի րոպե խաթարվել այդ հոտից, բայց կարող էիք լուծումներ գտնել ու միանալ այդ հարցը բարձրացնողներին, այլ ոչ դատապարտեիք նրանց՝ այդ բավականին հստակ ձևակերպված ակցիան»:
     Իրավապաշտպանը հիշեցրեց, որ կին քաղաքական գործչի նկատմամբ տեղի է ունեցել սեռական ոտնձգություն, ինչը սեփական անձեռնմխելիության խախտում է համարվում: «Երբ տղամարդիկ, իրենց անվայել պահելով, ձեռքերը երկարացրել են կնոջ կրծքերին, գոտկատեղին և փորձ են արել քանդել նրա վերնազգեստը… Ե՛վ ֆիզիկական բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ, և՛ դա նաև հանրային նվաստացում է»,- ասաց Զ. Հովհաննիսյանը:

Դավիթ Խաժակյանը որպես պարզաբանում նշեց, որ ինքը նկատի չունի աղբն ու կոյուղաջրերը որպես դիտակտիկ նյութ օգտագործելը. «Երբ ես տեսնում եմ, որ աղբամանը լցված է, այն դուրս է թափվել փողոց, ես այդ աղբը ոչ թե բերում եմ, լցնում նիստերի դահլիճ, որ շատ տեսանելի լինի, այլ ես գիտեմ միջոցները, որոնցով հնարավոր է վերացնել այդ աղբը քաղաքապետարանի կողմից և այնպես կազմակերպել աշխատանքները, որ հաջորդ անգամ ստիպված չլինեմ խնդիրը նորից մատնացույց անել: Նուբարաշենի խնդիրը պարզապես սարսափելի է: Ես այդ խնդրին ծանոթացել եմ մի քանի օր առաջ և հասկացել, որ խնդիրը գտնվում է արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակներում: Որպես ավագանու անդամ, միևնույն է, ես քաղաքապետին պետք է ասեմ, որ Նուբարաշենը գտնվում է Երևան քաղաքի շրջակայքում, այն վնասում է բնակիչների առողջությունը և ինչպիսի լուծում էլ որ լինեն պետք է այն արվի: Ես գտնում եմ, որ եթե այդ խնդրով «Երկիր ծիրանի»-ի մեր գործընկերները լոբբինգ անեին նիստերի դահլիճում, այդ խնդիրները լուծում կստանային»,- ասաց Խաժակյանը:

5103 | 1
Facebook