«Հուսամ՝ կգա այն օրը, երբ կկարողանամ ինձ լիովին նվիրել թատրոնին». Վահե Պետրոսյան
Դերասան Վահե Պետրոսյանն, ով ժամանակին աշխատում էր ռեժիսոր Արմեն Մազմանյանի հիմնադրած ու ղեկավարած «Գոյ» թատրոնում, այսօր հանդես է գալիս սիթքոմում: «Թատրոնը շատ ժամանակ է պահանջում, իսկ ես չեմ ցանկանում աշխատանքին մոտենալ ոչ պատշաճ: Հուսամ՝ կգա այն օրը, երբ կկարողանամ ինձ լիովին նվիրել թատրոնին»,- ասում է դերասանը: Վահե Պետրոսյանը հեռուստադիտողին ավելի շատ հայտնի է «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից, որտեղ մարմնավորում էր Քաջիկի կերպարը: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում խոսելով հեռուստասերիալներից, որտեղ նկարահանվում են ինչպես մասնագիտությամբ դերասաններն, այնպես էլ, ասենք՝ երգիչները կամ հաղորդավարները, Վահեն ասաց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ: Եթե չունենայի դերասանի մասնագիտություն, դժվար թե նկարահանվեի որևէ նախագծում: Բայց այսօր կան մասնագիտությամբ ոչ դերասաններ, ովքեր նվիրված են այս գործին և փորձում են իրենց հնարավորությունների չափով որակ ապահովել. ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ էլ… կլռեմ»,- ասաց Վահեն: Վահե Պետրոսյանը Հետաքրքրվեցինք՝ որպես ՀՀ քաղաքացի որքանո՞վ է հետևում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ քաղաքական, հասարակական զարգացումներին: Մեր զրուցակիցն ասաց, որ այս երկրում է ծնվել ու մեծացել, ուստի չի կարող անտարբեր լինել իրադարձությունների նկատմամբ: «Թատրոնում տիրող պայմաններից սկսած մինչև արդիական խնդիրներ, ինչպիսին, օրինակ, թանկացումներն են, մտահոգում են ինձ և անհանգստացնում: Հնարավորությունների չափով փորձում եմ բարձրաձայնել դրանց մասին իմ շրջապատում, բայց ես թատրոնի մարդ եմ, ո՛չ քաղաքական գործիչ, ուստի իմ արվեստով եմ փորձում օգտակար լինել իմ երկրին, իմ հայրենակիցներին»,- ասաց Վահեն: Այնուամենայնիվ, փորձեցինք պարզել՝ սպասո՞ւմ է արդյոք, որ քաղաքական առաջիկա գործընթացները դրական փոփոխություններ կբերեն հայ ժողովրդի կյանքում: «Ես իմ տեսակով լավատես եմ, դրա համար էլ բոլոր հարցերում սպասում եմ լավ արդյունքների»,- եզրափակեց դերասանը: |