Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես հո բոմժ չեմ, որ ուրիշի օգտագործած դահուկով երկիր ներկայացնեմ»․ Փհենչհան մեկնած հայ օլիմպիականին դահուկ չեն տվել

20:00, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Ես հո բոմժ չեմ, որ ուրիշի օգտագործած դահուկով երկիր ներկայացնեմ»․ Փհենչհան մեկնած հայ օլիմպիականին դահուկ չեն տվել

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը լուրջ խնդրի է բախվել։ Նա օլիմպիական խաղերին կարող է չմասնակցել, քանի որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան նրան չի ապահովել համապատասխան գույքով։ Փաստացի մեր օլիմպիականը չունի դահուկներ և դահուկային կոշիկներ, որպեսզի մարզվի և մասնակցի մրցմանը։ Հարցը պարզաբանելու համար MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց Փհենչհանում գտնվող Կարապետյանի հետ։

«Խնդիրը նոր չէ։ Անցած տարի մասնակցել ենք Հայաստանի առաջնությանը և հաղթել եմ հավաքականում իմ մյուս երկու թիմակիցներին, ովքեր իրենց լավագույն արդյունքը ցույց տվեցին։ Խոսքը Հարությունյան Հարությունի և Առաքելյան Զավենի մասին է։ Նրանք ինձնից թույլ են։ Չնայած դրան, այս մրցաշրջանի մեկնարկին իրենց տրամադրվեցին դահուկներ և դահուկային կոշիկներ։ Սակայն ինձ ֆեդերացիան չտրամադրեց ո՛չ կոշիկ, ո՛չ դահուկ։ Նրանք արտագնա հավաքի էին մեկնում, իսկ ես վիզայի խնդիր ունեի, չկարողացա մեկնել։ Սակայն մյուս արտագնա ուսումնամարզական հավաքին ես էլ մեկնեցի, բայց ինձ դահուկներ և կոշիկներ չտրամադրեցին։ Դրանից հետո մեկնել եմ Թուրքիա և Իրան, որտեղ վարկանշային միավորներ եմ վաստակել։ Իմ վարկանիշն ամենաբարձրն էր։ Բայց ես քշում էի ջարդած դահուկներով և «սկոտչած» կոշիկներով։ Իսկ տղաները քշում էին նոր դահուկներով և կոշիկներով։ Ես 4-5 անգամ այս հարցով դիմել եմ ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանին։ Նա ամեն անգամ նշել է, որ պատվիրել են դահուկները և դրանք ճանապարհին են։ Մի քանի ամիս անցավ, բայց իմ դահուկներն ինձ չհասան։ Հունվարի 21-ին վարկանշային միավորները հավաքելու վերջնաժամկետն էր։ Այդ ժամանակ նայեցինք միավորները։ Ամենաբարձրն իմ միավորներն էին և իմ անունը պետք է ներկայացնեին օլիմպիական խաղերի հայտում։ Բայց ֆեդերացիան չարեց դա։ Նրանք ցանկանում էին, որ Փհենչհան մեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանի որդին՝ Հարություն Հարությունյանը։ Վարկանշի խնդիր չկա։ Միակ խնդիրն այն է, որ ես իմ պապայի տղեն եմ, ինքն իրա պապայի տղենա։ Ամեն մեկն այս սպորտում իր նպատակներն ունի։ Ինձ չեն տրամադրում դահուկներ, որ ես չհաղթեմ բոլորին։ Առհասարակ, մրցաշրջանի համար 2 զույգ դահուկ պետք է տրամադրվի մարզիկին, մեզ 1 զույգ են տրամադրում։ Ինձ այս տարի ընդհանրապես չեն տրամադրել։ Չեմ ուզում ասել, որ խոչընդոտում են ինձ, բայց փաստը մնում է փաստ։ Ես դահուկ չունեմ»,- նշեց Աշոտը՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

Աշոտ Կարապետյանի դահուկային կոշիկները
Աշոտ Կարապետյանի դահուկային կոշիկները

Վրդովված և վիավորված մեր մարզիկը նշեց, որ եթե նրան գույքով չապահովեն, ստիպված կլինի վերադառնալ հայրենիք՝ առանց օլիմպիական խաղերին մասնակցելու։ «Դահուկների համար մեծ գումար պետք չէ։ Մոտ 600 եվրո դահուկներն են, մոտ 300 եվրո դահուկային կոշիկները։ Խնդիրը գինը չէ, այլ այն, որ ես մրցաշրջանի մեկնարկից չունեմ անհրաժեշտ գույք։ Հայաստանի առաջին համարը չի ստանում գույք, 3-4-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներն ստանում են։ Սա լուրջ հարց է։ Իմ անունը պետք է շուտ ներկայացնեին, բայց դա էլ ձգձգեցին։ Հարությունն էլ վարկանշային միավորներ ուներ և կարող էր մեկնել։ Նա ուներ 138 միավոր, ես՝ 132 միավոր (խմբ․՝ դահուկասպորտում նվազող համակարգ է)։ Միանշանակ ես պետք է մեկնեի։ Մենք պայքարեցինք դրա համար և ամենավերջում իմ անունը ներկայացրեցին։ Ինձ էլ ասացին, որ գույքս պատվիրել են և Փհենչհանում կստանամ։ Հիմա հասել ենք այստեղ, բայց դահուկ չկա։ Հիմա ՀԱՕԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Բոլշիկյանը ցանկանում է գնել դահուկները, բայց դրանք չկան, քանի որ ֆեդերացիան չի պատվիրել ինձ համար դահուկ, որպեսզի գնենք։ Մեր ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նույնպես փորձում է ինչ-որ լուծում գտնել։ Այստեղ 5 ապրանքանիշի խանութ ենք մտել, ոչ մի տեղ չկան իմ մրցաձևի չափորոշիչներին համապատասխան դահուկներ։ Փհենչհան մեկնելիս ինձ հետ վերցրել եմ ընկերոջս 4 տարվա դահուկները, որոնք այնքան հին էին, որ Փհենչհանում առաջին վայրէջքիս ժամանակ ջարդվեցին։ Դրանք չեմ բերել մասնակցության համար, քանի որ չափորոշիչները չեն համապատասխանում և ինձ թույլ չէին տա դրանցով մենկարկի դուրս գալ։ Բերել էի, որ մինչև ինձ նորը գնեն, մի քանի օր սրանցով քշեմ։ Հիմա էլ ինձ օգտագործած դահուկ են բերել։ Դրանցով ուրիշ մարզիկ է քշել։ Ես չեմ պատրաստվում ուրիշի քշած դահուկներով մասնակցել օլիմպիական խաղերին։ Արդեն 6 օր է չեմ մարզվում։ Ինչո՞ւ պետք է ուրիշի դահուկով քշեմ։ Ես հո բոմժ չեմ, ուրիշի դահուկով քշեմ։ Ես այստեղ եկել եմ երկիր ներկայացնելու։ Եթե իմ երկիրն ինձ 1000 եվրո չի կարողանում տրամադրել, ուրեմն ես չեմ ներկայացնելու այդ երկիրը։ Մենք այստեղ եկել ենք երկիր ներկայացնելու, դահուկի եղածն ինչ է, որ չունենք։ Չեք պատկերացնում՝ ինչ ամոթ է։ Ես չեմ պատրաստվում ուրիշից դահուկ խնդրել»։

Աշոտ Կարապետյանը
Աշոտ Կարապետյանը

Հարցին, թե ինչպես է տեսնում խնդրի լուծումը, Աշոտը նշեց․ «Ես մրցման եմ փետրվարի 22-ին։ Մինչ այդ առնվազն 6 օր պետք է մարզվեմ։ Եթե առաջիկա օրերին խնդիրը չլուծվի, ես չեմ կարողանա մասնակցել օլիմպիական խաղերին։ Եթե հարցը մինչև ամսի 16-ը չլուծվի, ես հետ եմ գալու։ Այս ամենի մեղավորը ֆեդերացիայի նախագահն է։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը զանգահարել է իր եղբորն, ով Ռուսաստանից գնել է դահուկային կոշիկները և ինչ-որ կերպ օդանավակայանում պետք է մարդ գտնի և խնդրի բերեն Հարավային Կորեա։ Ինչո՞ւ պետք է այդ մարդն զբաղվի դրանով։ Ինձ ուղղակի լավություն է անում այդ մարդը։ Դա նրա պարտականությունը չէ։ Այս վիճակի մեղավորը մեր ֆեդերացիայի նախագահն է, ով չէր ուզում՝ ես լավ արդյունք ցույց տամ։ Սա է իմ կարծիքը»,- եզրափակեց լեռնադահուկորդը։

Կատարինե Այդինյան

20326 | 1
Facebook