Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց

19:30, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց

Երևանի ավագանու նիստերի ժամանակ այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մի շարք քաղաքացիներ «Բռնությունը չունի արդարացում» և այլ պաստառներով Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք սուլում և վանկարկում էին «բռնապետարան», «քաղաքապետքարան»:

Քաղաքացիները նշում էին, որ որևէ մեկն իրավունք չունի բռնություն կիրառելու առավել ևս կնոջ նկատմամբ:

Նրանք հայտարարությամբ հանդես եկան` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել «Երկիր ծիրանիի» կանանց վրա հարձակված անձանց։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված էր.

«Մենք՝ Երևանի Քաղաքապետարանի դիմաց հավաքվածներս, որևէ այլ ելք չենք գտնում, քան գալ և պահանջել ազատել ավագանին այսօր ավագանու ընդդիմադիր կանանց վրա հարձակվող, ծեծի և սեռական ոտնձգության ենթարկող իշխանական տղամարդկանցից և քրեական պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին։
     Այսօր ժամը 17։00-18։30-ի սահմաններում մենք գրավեցինք Քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի մուտքը՝ պահանջելով վերոնշյալը, ինչի արդյունքում մեր նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ ոստիկանների կողմից, և մի քանիսս կրեցին մարմնական և նյութական վնասներ։ Ուստի սույն հայտարարությունը նաև հաղորդում է հանցագործության մասին։
     Այսպիսով, մենք փաստում ենք, որ կանանց նկատմամբ ճնշումը և բռնությունը համատարած և համակարգային բնույթ է կրում, և այսօր տեղի ունեցած միջադեպերը դրանց մի մասն են կազմում։ Մեր պայքարը նոր չի սկսվել և չի ավարտվելու այսօր»։

Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանում ավագնու նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել քաղաքապետարան, ինչի պատճառով ծեծկռտուք սկսվեց ավագանու ՀՀԿ-ական և ընդդիմադիր անդամների միջև:

Հիշեցնենք նաև, որ երեկ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները փակել էին համայնք տանող ճանապարհը՝ պահանջելով լուծել կոյուղաջրերի տարիներով չլուծված խնդիրը, որի հոտը լցվում է բնակարաններ:

5050 | 0
Facebook