«Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանն ու RD Group-ի գործադիր տնօրեն Գագիկ Ադիբեկյանը կիսում են բիզնեսը: Այս մասին գրում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով գործարարներին ծանոթ 2 աղբյուրները:
Պարբերականի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է մի քանի ամիս առաջ: Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ գործընկերները բիզնեսի զարգացման հարցում տարաձայնություններ են ունեցել, այդ իսկ պատճառով որոշել են ամեն մեկը զբաղվել իրենց ծրագրերով:
Վարդանյանն ու Ադիբեկյանը Avica Management Company-ի հիմնադրամի ներդրողներն են: Կայքում ասվում է, որ ընկերությունն իր պորտֆելում ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ բաժնեմաս ունի: Ընկերությունը նաև նշել է, որ եթե որոշվեր բաժնեմասերը վաճառել, ապա դա շահավետ կլիներ ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային ներդրողներին:
Գործարարների միջև բաժնեմասերի բաժանումը դեռևս ավարտված չէ, սակայն արդեն համաձայնության են եկել, որ Ադիբեկյանի RD Group-ին կանցնեն Avica հիմնադրամի առևտրային բոլոր օբյեկտները:
«Ведомости»-ն նշում է, որ Վարդանյանի, Ադիբեկյանի և Avica-ի ներկայացուցիչները մեկնաբանություններից զերծ են մնացել: