Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Ակնհայտ հետընթաց է, դրա դեմ անհրաժեշտ է պայքարել օրինական բոլոր միջոցներով». Երվանդ Վարոսյանը՝ փաստաբաններին տուգանելու դրույթի մասին

15:10, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Ակնհայտ հետընթաց է, դրա դեմ անհրաժեշտ է պայքարել օրինական բոլոր միջոցներով». Երվանդ Վարոսյանը՝ փաստաբաններին տուգանելու դրույթի մասին

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը» և դրան կից օրենքների նախագծերի փաթեթը, որով մասնավորապես նախատեսվում է դատական նիստերի ժամանակ փաստաբաններին մինչև 100 հազար դրամով տուգանել: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նախքան այս օրենքի քվերակությունն, ասաց, որ փաստաբաններին տուգանելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքի սկզբունքներին: Նա կոչ արեց Փաստաբանների պալատին՝ օրենքի ընդունվելու դեպքում անմիջապես դիմել Եվրոպական դատարան:

«Դրույթն ակնհայտ հետընթաց է։ Դրա դեմ անհրաժեշտ է պայքարել օրինական բոլոր միջոցներով։ Դիմում՝ Սահմանադրական դատարան, իսկ առաջին իսկ կիրառման պարագայում պետք է բողոքարկման միջոցով սպառել ներպետական բոլոր դատական ատյաններն ու դիմել ՄԻԵԴ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե այսուհետ որն է լինելու իրենց հետագա քայլերը և ինչ են պատրաստվում անել, ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հավելելով. «Միաժամանակ, համոզված եմ, որ պետք է ակտիվացնել Փաստաբանների պալատն առողջացնելու, միաժամանակ փաստաբանական գործունեությունը կարգավորող այդ միակ մարմնի մենաշնորը վերացնելու ուղղությամբ քայլերը։ Փաստաբաններին միավորող առողջ, անկախ կառույցները միայն կարող են ապահովել փաստաբանների իրավունքների պաշտպանությունը»։

Նշենք, որ վերջինների մի մասն արդեն մի քանի օր է գործադուլ է անում՝ բողոքելով քաղաքացիական դատավարության օրենսգիրքի այս փոփոխությունների դեմ:

Հիշեցնենք նաև, որ երեկ փաստաբանները հայտարարությամբ էին հանդես եկել՝ ներկայացնելով իրենց մտահոգող խնդիրները: Նրանք նշել էին, որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը: «Փաստաբանների և դատախազների համար դատական տուգանք սահմանելով, Արդարադատության նախարարությունը գործել է այն կանխավարկածով, որ փաստաբանները և դատախազները կարող են անբարեխիղճ վարքագիծ դրսևորել: Այս համատեքստում, հաշվի առնված չէ դատավորների ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, որի դեպքում, դատական տուգանքը կդառնա մասնագիտական գործունեության ազատությունը ճնշող գործիք»,- նշել էին նրանք:

Ավելի վաղ, փաստաբաններն այս օրենքի դեմ պայքարի կոչ էին արել՝ նշելով, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը փաստաբանի նկատմամբ դատավորի կողմից տուգանք նախատեսելու դրույթ է սահմանում՝ հնարավորություն տալով վերջինին տուգանել մինչև 100 հազար դրամի չափով։ Օրենքը նախատեսում է փաստաբանների նկատմամբ կիրառել սանկցիաներ, որոնք է´լ ավելի խոցելի կդարձնեն պաշտպանական կողմը։

1276 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am