Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը». այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

14:15, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը». այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն…Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»,- այսպես է արտահայտվել Ավետիք Իսահակյանը 20-րդ դարի հայ գրականության ականավոր դեմքերից մեկի՝ բանաստեղծ Վահան Տերյանի մասին:

1885 թվականի փետրվարի 9-ին, Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ, հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Այն, ինչ ստեղծեց Վահան Տերյանն իր կյանքի ընթացքում, մինչ օր չի հնացել. նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները:

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
     Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
     Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
     Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
     Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
     Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
     Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
     Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
     Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
     Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
     0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
     Անմխիթար մորմոքումից քո ցավի… (էստոնական երգ)

Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները:

«Նա ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին»,- Տերյանի ստեղծագործության մասին ասել է Պարույր Սևակը, իսկ Սիլվա Կապուտիկյանը հավելել է՝ «Նրա բանաստեղծությունը լույս է, երդիկից ներս թափանցող թրթռուն ճառագայթ»:

Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը... հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։

Վահան Տերյանի այդ հայրենասիրական պահվածքի համար նրան մեղադրել են հայ նացիոնալիստ լինելու մեջ, քանի որ խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված դոլոր գումարները նա օգտագործել է բացառապես հայերին օգնելու համար:

... Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
     Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
     Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
     Արևի պես, երկիր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
     Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,
     Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյան- դասական պոեզիա
| | |
2117 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am