Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Քանի դեռ չեն վերանայվել տնտեսական մեխանիզմները և հարստության վերաբաշխում չի եղել, մեզ տնտեսական աճ պետք չէ». Հ. Բագրատյան

14:05, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Քանի դեռ չեն վերանայվել տնտեսական մեխանիզմները և հարստության վերաբաշխում չի եղել, մեզ տնտեսական աճ պետք չէ». Հ. Բագրատյան

Լուրջ քննարկման առարկա են դարձել 2017թ. ՀՀ տնտեսական արդյունքները։ Ճիշտ է, ԱՎԾ դեռ ՀՆԱ թիվը չի հայտարարել, բայց կառավարության անդամները խոսում են բարձր աճի՝ 7,7%-ի մասին։ Հանրության մեջ սա հարցեր է առաջացնում. եթե 7,7% աճել ենք, թոշակ ու նպաստ չի բարձրացել, 36 հազ. մարդ լքել է երկիրը, ինչո՞ւ է իրական աշխատավարձն աճել ընդամենը 1.9%-ով։ Չէ՞ որ այդ ընթացքում պահուստներ չեն առաջացել, ընդհակառակն, արտաքին պետական պարտքն աճել, դարձել է 6 մլրդ դոլար։ Պահուստների շեշտակի աճ ԿԲ-ում չի եղել։ Մի խոսքով, այդ ի՞նչ ենք արտադրել և ո՞ւմ համար։ Անձամբ կարծում եմ, որ 2017-ին, իրոք, կառավարությունը ջանքեր է թափել։ ենթադրում եմ, որ որոշակի աճ եղել է։ Օրինակ, տեղեկատվության, զբոսաշրջության ոլորտներում։ Սակայն տնտեսական աճը որոշակի ճյուղերում ցանկալի չէ։ Օրինակ, հանքարդունաբերության, վերաարտահանման, խաղային բիզնեսի ոլորտներում։ Դժբախտաբար հենց այստեղ են «գրանցել» տնտեսական աճի հիմնական բաղադրիչները։ Ստացվել է, ինչպես սիրում եմ ասել, դույլի էֆեկտը։ Երբ որ տնտեսությունը աճեցնում ես, պիտի հասկանաս, որ ռեսուրս ես ծախսում։ Բայց դույլի մեջ չի կարելի ավելի ջուր լցնել, քան տրա տարողությունն է։ Տնտեսությունն աճեցնելուց առաջ պետք է մտածել, իսկ դույլում տեղ կա՞։ Այլապես ջուրը (տնտեսական աճը) պարզապես թափվելու է դույլից։ Ավելի կոնկրետ։ ՀՀ-ում ՀՆԱ մեջ ժողովրդի «մասնաբաժինը» 34 տոկոս է (2015թ)։ Սա վարձու աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (1734 մլրդ դրամ) տեսակարար կշիռն է ՀՆԱ-ում (5043մլրդ դրամ)՝ 34%։ Ցավալի է, բայց այս աշխարհում սա վատագույն ցուցանիշներից մեկն է։ Ուկրաինայում այս թիվը 2016-ին կազմել է 41.8%, ՌԴ-ում՝ 50.4%, Ֆրանսիայում՝ 52.7, Ավստրիայում՝ 50.7, Գերմանիայում՝ 50.8, Հոլանդիայում՝ 52.1, Դանիայում՝ 58.7, Ֆինլանդիայում՝ 52.5, Հունգարիայում, Իտալիայում, Լատվիայում, Չեխիայում՝ 45-50%, Հունաստանում, Լեհաստանում, Սլովակիայում՝ 37-45%։ Նույն Հայաստանում 1995թ տոկոսը կազմում էր 39.3% (205.3 մլրդ 522.3 մլրդ ՀՆԱ դիմաց)։ Խնդիրը սպառման ֆոնդի մեծացման մասին չէ։ Հայաստանում այն 91% է, իսկ որոշ տարիներին անցնում է 100%-ը։ Հակառակը, մեզ խնայողություններ և ներդրումներ են պետք։ Խոսքը եղած հարստությունը հօգուտ գործավորների վերաբաժանելու մասին է։ 34։66 հարաբերության դեպքում ՀՆԱ աճեցնել պետք չէ։ Այդ ՀՆԱ-ն անհնարին է իրացնել։ Մնում է այն արտահանել։ Քննարկենք խնդիրը միայն տրանսֆերտների մասով։ Իրոք, եթե 1995-ին արտերկրին փոխանցված ընթացիկ տրանսֆերտները (0.7 մլրդ դրամ) կազմում էին արտերկրից ստացված տրանսֆերտների (68.7 մլրդ դրամ) սոսկ 1%-ը, ապա 2015թ ՝ 49.9%-ը (211 մլրդ դրամ 423-ի դիմաց)։ 2017-ին վիճակը կտրուկ վատացել է. ստացել ենք 1756 մլն դոլար, ուղարկել ենք 1048 մլն (59,7%)։ Հիմա պարզ է, թե ինչ կատարվում։ Ցածր նվազագույն աշխատավարձի, սխալ հարկման պատճառով, եթե մեզ մոտ ՀՆԱ-ն աճում էլ է, ապա դույլից թափվում է, այսինքն արտահանվում է։ Դրա համար է, որ ՀՆԱ աճի դեպքում էլ արտագաղթի տեմպերը չեն նվազում։ 2017-ին Ուկրաինայում ՀՆԱ-ն աճել է 2,4%-ով, աշխատավարձներն ու թոշակները՝ 31, իսկ գնաճը սոսկ 13,5% է եղել։ Նրանց մոտ եկամուտների բաշխումն ավելի արդար է։
     Մի քանի օրինակ։ Եթե մեզ մոտ ավելի շատ մոլիբդեն ու պղինձ է արտահանվել, ապա դրանք էժան գնով վաճառվում են օֆշորի ընկերությանը, որտեղից էլ վերջնական թանկ գնով ապրանքը հասնում է վերջնական սպառողին։ ՀՆԱ աճ կա, բայց ժողովրդին ոչինչ չի հասնում։ Հակառակը՝ հասարակության տեսանկյունից ռեսուրսը վատնված է։ Մեկ այլ օրինակ։ Օգտվելով վերջերս ընդունած մի սխալ օրենքից, երբ ինչքան շատ ես արտահանում, այնքան քիչ հարկ ես տալիս, հայ մեծահարուստները վերարտահանում են թուրքական լոլիկ, ուկրաինական սալ։ Արտահանման աճ կա, բայց Հայաստանին օգուտ չկա։ Այդ մարդկանց էլ մենք բարերար ենք անվանում, մեդալ տալիս։ Այսպիսով, քանի դեռ ՀՀ-ում չեն վերանայվել տնտեսական մեխանիզմները և հարստության վերաբաշխում չի եղել, մեզ տնտեսական աճ պետք չէ։

| | |
1661 | 0