«Երկուշաբթի կվերսկսենք ուսումնասիրությունները»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանն՝ անդրադառնալով իր կողմից ԲԿ-ի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույնի հանձման աղմկահարույց դեպքին:
Տեղեկացնենք, որ հիվանդանոցի տնօրենն աշխատակիցներին փորձելու նպատակով լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Նա խոստովանել է, որ այդ քայլին գնացել է հիմք ընդունելով բազմաթիվ բնակիչների բողոքները: Իսկ մինչ այդ հիվանդանոցի աշխատողները բազմիցիս զգուշացում են ստացել տնօրենի կողմից:
Լաբորատորիայում 15 բուժաշխատող է աշխատում: Մեր թղթակցին Ն. Ավանեսյանն ասաց, որ դեպքից հետո նրանցից 8-ը, որոնք, ի դեպ, երկարամյա աշխատակիցներ են, ինքնակամ ազատման դիմում են գրել:
«Այս պահին, դժբախտ դեպքի հետ կապված, դադարեցրել ենք ուսումնասիրությունները, 3-4 օրից կշարունակենք»,- նշեց տնօրենը:
Մեր թղթակիցը կապ հաստատեց նաև Արարատի մարզպետարանի հետ: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքը ուսումնասիրման փուլում է: «Հանգամանորեն ամեն ինչ կպարզվի և կիրազեկվի»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ թեյի գույնով փոխարինված մեզի անալիզի պատմությանն անդրադարձել է նաև ռուսական մամուլը: