Թայվանի ոստիկանությունը Գաոսյուն քաղաքի նավահանգիստներից մեկում ձկնորսական նավակից 1289 կգ կշռով կետամին են առգրավել՝ կղզու պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը: Այս մասին ասվում է քաղաքային դատախազության կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
Sheng Li Man նավակում, որի մեջ հայտնաբերվել է արգելված թմրանյութը, ոստիկանության հսկողության տակ էր գտնվում դեռևս հունվարից, քանի որ այն հազվադեպ էր օգտագործվում ձկնորսության նպատակով:
Անցած հանգստյան օրերին նավակը դուրս է եկել ծով և ավելի ուշ հայտնել երկրորդ նավի օգնության անհրաժեշտության մասին: Ոստիկանությունը հայտնաբերել է երկու նավերն ու վերադարձրել նավահանգիստ:
Հետախուզման ընթացքում 126 սև պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել, որոնք թաքցված են եղել նավակի սառցարանում:
Ոստիկանության հաշվարկների համաձայն՝ խմբաքանակի գինը կազմում է մոտ 102 միլիոն դոլար: