Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀԿ-ն ու կոալիցիան մտածում են մի բան, ասում են մի այլ բան ու անում՝ ճիշտ հակառակը». Անահիտ Բախշյան

17:15, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
«ՀՀԿ-ն ու կոալիցիան մտածում են մի բան, ասում են մի այլ բան ու անում՝ ճիշտ հակառակը». Անահիտ Բախշյան

Ներկայացնում ենք «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հերթական հոդվածը.

«Բարձրագույն կրթության մասին օրենքը e- draft.am կայքում 01.12.2017թ.-21.12.2017թ. դրվեց քննարկման, անցավ քննարկման փուլը, որի ժամանակ եղել են տարբեր առաջարկություններ ու ասեմ, որ նրանցից ամենախելացիները, որոնք կերաշխավորեին բուհերում ժողովրդավար կառավարման ու ինքնավարության պատշաճ մակարդակ, չեն ընդունվել: Օրինական երկրում այդ քննարկված, առաջարկությունները հաշվի առած նախագիծը պետք է գնա կառավարություն, որից հետո՝ օրենսդիր մարմնին: Այնինչ, երկու օր առաջ «Հոդված-3»-ում այս օրենքի նախագծի քննարկման էի գնացել և ի՞նչ, պարզվեց, որ հենց այդ օրը edu.am կայքից իմ արտատպած նախագիծն ու քննարկման եկած բանախոսների ձեռքին գտնվող նախագծերը նույնը չեն: Փաստորեն 20 օր հասարակության կողմից քննարկման առարկա դարձած նախագիծը հետագայում փոփոխության է ենթարկվել արդարադատության նախարարությունում, այն էլ շատ սկզբունքային կետերում, բայց 31.01.2018թ. դրությամբ e-draft.am և ԿԳՆ կայքերում դեռևս հին տարբերակն է: Ես հասկանում եմ, որ վերջին խոսքը արդարադատությա՛ն նախարարությանն է, ոչ՝ անարդարության, բայց արդյո՞ք ճիշտ է, որ այս պահին edu.am կայքում դրված լինի մի, իսկ կառավարություն գնա մի այլ տարբերակ, որտեղ արված փոփոխությունները սկզբունքորեն տարբեր են առաջին տարբերակից: Ըստ e-draft.am կայքում առաջարկությունների աղյուսակում գրվածի, այն լրացուցիչ քննարկվել է նաև ԵՄ, ԵԽ և ՀԲ միջազգային փորձագետների հետ, սակայն չի նշված, թե նախագծի մասին ի՞նչ գնահատական է տրված նրանց կողմից, որքանո՞վ է այդ նախագիծը համապատասխանել մեր պետության և ԵՄ-ի, ու ոլորտում ստանձնած տարբեր պարտավորությունների հետ:

Մասնավորապես, առաջին տարբերակում գրված է, որ բուհի կառավարման խորհուրդը ստեղծվում է 5 տարի ժամկետով, իսկ վերջինում ավելացրել են, որ կազմը հաստատում է ՀՀ վարչապետը: Էլ ի՞նչ ինքնավարություն, ի՞նչ ժողովրդավար կառավարում, երբ ակնհայտորեն ամեն ինչ վերահսկվում և հարմարեցվում է անձամբ ՀՀ վարչապետին: Սա կոպիտ միջամտություն է բուհի ինքնավարությանն ու համոզված եմ, որ այս կետի հետ չէին կարող համաձայնվել ԵՄ, ԵԽ և ՀԲ միջազգային փորձագետները: Այս տարբերակում նաև հատուկ կարգավիճակ է տրվել ԵՊՀ-ին, որն ուղղակի անհասկանալի է, ինչո՞ւ: Թե՛ առաջին, թե՛ այս տարբերակում հստակ չի սահմանվել բուհերի կազմակերպաիրավական ձևը, կառավարման խորհրդի իրավասությունների մեջ չկա գրված, որ խորհուրդն է ընտրում է ռեկտորին, գրված չէ, թե ում հետ է ընտրված ռեկտորը կնքում աշխատանքային պայմանագիրը: Ելնելով մեր երկրի իրականությունից, դժվար չէ ենթադրել, որ այս անորոշությունները հետագայում թույլ են տալու անել տարբեր մանիպուլյացիաներ՝ հենց քաղաքական նպատակներով: Շատ վատ հոտ է գալիս կառավարման խորհուրդներում ուսանողների թվի կրճատումից, նաև նրանից, որ կառավարման խորհդի նախագահ չի կարող ընտրվել ուսանողության և դասախոսական կազմից առաջադրված խորհրդի անդամը: Ինչո՞ւ:

Ինչևէ, հերթական անգամ ցավով ամրագրենք, որ ՀՀԿ-ն ու կոալիցիան մտածում են մի բան, ասում են մի այլ բան ու անում՝ ճիշտ հակառակը»,- գրել է Ա. Բախշյանը:

4180 | 0
Facebook