Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սկզբում շվի եմ նվագել, հետո՝ դուդուկ, հիմա էլ զուռնա եմ սովորում». 16-ամյա Տաթև Գալստյանի համար հաջողության գրավականն աշխատասիրությունն է

12:05, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
«Սկզբում շվի եմ նվագել, հետո՝ դուդուկ, հիմա էլ զուռնա եմ սովորում». 16-ամյա Տաթև Գալստյանի համար հաջողության գրավականն աշխատասիրությունն է

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում բնակվող 16-ամյա Տաթև Գալստյանը նվագում է 10 տարեկանից. երաժշտական կրթությունն ստացել է տեղի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցում: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Տաթևն ասաց, որ սկզբում շվի է նվագել, հետո՝ դուդուկ, հիմա էլ զուռնա է սովորում: Երբ դեռ մի քանի ամիս էր տիրապետում գործիքին, մրցույթներից մեկում դափնեկիր է դարձել. «Տարբեր համերգների ու մրցույթների եմ մասնակցել: Հանդես եմ եկել Գյումրու «Վերածնունդ» փառատոնին, դարձել 3-րդ կարգի դափնեկիր: Քույրիկիս հետ, ով ևս երաժշտական դպրոցում է սովորել ու մասնագիտությամբ ջութակահարուհի է, նվագել եմ «Նարեկացի» արվեստի միությունում: Հանդես եմ եկել մարզում անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ»,- ասաց նա:

Տաթևի առաջին մրցանակը
Տաթևի առաջին մրցանակը
Տեսանյութը՝ Տաթև Գալստյանի յութուբյան էջից

«Մտադիր եմ զարգացնել մասնագիտական կրթությունս, իսկ մինչ այդ շարունակում եմ կրթվել ու կրթել»,- նշեց դուդուկահարուհին՝ տեղեկացնելով, որ այս ընթացքում երաժշտական հմտությունները փոխանցում է մարզի շնորհալի երեխաներին. շվի է պարապում նրանց հետ:

Տաթև Գալստյանը
Տաթև Գալստյանը

Տաթևը նպատակներ շատ ունի, ձգտում է կայանալ մասնագիտության մեջ, համոզված է՝ հաջողության հասնում է նա, ով աշխատում է: «Իհարկե, բոլորն էլ ձգտում են հայտնի դառնալ, բայց դրան հասնելու համար ճանապարհ պետք է անցնել, լինել աշխատասեր, իսկ ես դեռ 16 տարեկան եմ»:

Նշենք, որ Տաթևն այժմ սովորում է Արմավիրի մարզի Արվեստի պետական քոլեջի երկրորդ կուրսում, դուդուկի բաժնում:

6999 | 1
Facebook