Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական զենքի արտահանումն՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում

12:35, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Ռուսական զենքի արտահանումն՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում

Այսօր՝ հունվարի 29-ին, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի աշխարհի ցանկացած երկրից ընկերությունների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք «նշանակալից» գործարքներ են կնքել ռուսական պաշտպանական ոլորտի հետ: Այս մասին, ինչպես գրում է Rbc-ն, ասվում է CAATSA-ի օրենքում («պատժամիջոցային ռեժիմով ԱՄՆ-ի հակառակորդների դեմ հակազդման մասին»), որը ստորագրվել էր 2017թ. օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ նոր պատժամիջոցային ռեժիմի թիրախում կարող են հայտնվել ռուսական զենքի մատակարարումները:

Տեսականորեն արդեն հունվարի 29-ից ԱՄՆ կառավարությունը կարող է առաջին պատժամիջոցները կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգոստոսի 2-ից գործարք են կնքել ռուսական պաշտպանական ձեռնարկությունների և հետախուզական կառույցների հետ:

Պարբերականը նշում է, որ ցուցակում առաջին դիրքերն են զբաղեցնում «Ռոստեխ»-ն ու նրա «դուստր» ընկերությունները, ինչպես նաև «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, որը սպառազինության արտահանման և ներմուծման ռուսական պետական մենաշնորհն է հանդիսանում:

Նշվում է, որ ռիսկի գոտում են գտնվում ոչ միայն արտասահմանյան, այլ նաև ռուսական ընկերությունները, որոնք համագործակցում են պաշտպանական ոլորտի հետ. դրանք ևս կարող են պատժվել «էական» գործարքների համար:

Հենց այդ պատճառով, ինչպես նշում է պարբերականը, հունվարի սկզբին ռուսական «Ալֆա բանկ»-ը հայտարարեց, որ դադարեցնում է հայրենական պաշտպանական ձեռնարկությունների սպասարկումը:

Հունվարի սկզբին «Интерфакс»-ը հայտնել էր, որ 2017թ. Ռուսաստանն ավելի քան 14 միլիարդ դոլարի զենք է վաճառել: 2016-ի տվյալներով՝ ռուսական զենքի խոշոր գնորդներ են Հնդկաստանը, Չինաստանը, Ալժիրը, Վիետնամը, Իրաքն ու Եգիպտոսը:

6149 | 1
Facebook