Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Իշխանությունները դիտավորյալ աղավաղել են դեպքերը, որ ապստամբության հոտ չգա գործից». «Սասնա ծռեր»-ի փաստաբաններ

15:40, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Իշխանությունները դիտավորյալ աղավաղել են դեպքերը, որ ապստամբության հոտ չգա գործից». «Սասնա ծռեր»-ի փաստաբաններ

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկումների ժամանակ «Սասնա ծռերի» պաշտպանները ներկայացրեցին դատավարության վերաբերյալ իրենց մտահոգություններն ու դիտարկումները:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ բոլոր վարույթներում ընթանում են յուրահատուկ ընթացակարգերով: «Յուրաքանչյուր դատավոր սեփական հայեցողությամբ է իրականացնում գործընթացը, որը, ընդհակառակը, պետք է իրականացվեր մեկ սկզբունքով՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»,- ասաց նա:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի դատավարությանը, նշեց, որ քաղաքական գործոնը դուրս է հանված դատավարությունից և այն ներկայացվում է զուտ այն տեսանկյունից, որ ՊՊԾ գունդը գրաված անձինք պահանջում էին միայն Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: «Ոչ մի խոսք չկա մյուս պահանջների մասին՝ նախագահի հրաժարականի, ժամանակավոր կառավարություն ստեղծելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և այլնի մասին: Տպավորություն են ստեղծում, որ, ի սկզբանե, նպատակ է եղել շենք-շինություն զավթել, ոստիկաններ պատանդ վերցնել, որպեսզի Ժ. Սեֆիլյանին ազատ արձակեն: Այդպիսով, իշխանությունները ցույց են տալիս, որ ընդունել են ապստամբության իրավունքի գոյությունն, ընդունել են, որ անձն ապստամբելու իրավունք ունի: Եվ քանի որ հասկացել են, ուստի, դիտավորյալ, աղավաղել են դեպքերը, որ ապստամբության հոտ չկա այս գործից, որպեսզի կարողանան խեղաթյուրել դեպքերը: Ամեն ինչ արվել է, որպեսզի «Սասնա ծռերին» լռեցնեն, որ անգամ նրանց ձայնը չբարձրանա, և ձայն բարձրացնելու դեպքում կիրառվել են սանկցիաներ»,- նկատեց Տ. Հայրապետյանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռերի» դատավարությունը ծայրից ծայր քաղաքական գործընթաց է: Նրա խոսքով, որպեսզի արդարադատություն իրականացվեր այս գործով, պետք է քննվեր ապստամբության գործը, ինչը չարվեց: ««Սասնա ծռերը» հայտարարել են, որ ժողովրդին պատկանող իշխանությունը յուրացված է, իշխանությունը յուրացրած խումբը զանգվածաբար խախտում է քաղաքացիների բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները, կեղեքում է քաղաքացիներին, հարստահարում է երկրի հարստությունները, ընդերքն այդ թվում և այլն: Այս պայմաններում, երբ ժողովուրդը զրկված է խաղաղ պայմաններով ապրելու, իր երկրում սահմանադրական հոդվածով ազատ ընտրությունների եղանակով իշխանություն ձևավորելու, իշխանություն փոխելու հնարավորություններից, ուրեմն նրան չի մնում այլ ելք, քան դիմել զինված ապստամբության»,- նշեց Մ. Շուշանյանը՝ հավելելով, որ ապստամբության իրավունքը բնական իրավունք է, ինչի մասին գրված է միջազգային մի շարք փաստաթղթերում:

Փաստաբանի խոսքով՝ իշխանական խմբին ձեռնտու չէ, որ դատավարության ընթացքում «Սասնա ծռեր»-ն իրենց դիրքորոշումն ավելի մանրամասն ներկայացնեն. «որովհետև, այդ դեպքում, արդեն, դա վերածվում է այդ վարչախմբի դեմ մեղադրանքի: Այդ իսկ պատճառով մեր պաշտպանայալների նկատմամբ նորից սկսել են դատկան սանկցիաներ կիրառել, մեզ էլ կփորձեն ստիպել պաշտպանյալների նկատմամբ խախտումների հետ հաշտվենլ, լուռ նստել դահլիճում: Ես համարում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական հաշվեհարդար է»,- եզրափակեց Շուշանյանը:

Արա Ղարագյոզյանն էլ շեշտեց, որ առաջին նիստից մինչ օրս իրենք հայտարարում են, որ նման դատավարությունը քաղաքական պատվեր է և որևէ դատավոր չի կարող այս պայմաններում արդարադատություն իրականացնել:

«Սա այնպիսի գործընթաց է, որն արդարադատության հետ կապ չունի: Ես համոզված եմ, որ դատավարությունն իրականացնող դատավորները հավաքվում են և ընդհանուր որոշում կայացնում, թե ինչպես անեն, որ այս դատական նիստերը տապալեն… Միգուցե մեր երկրի արդարադատությունն էր մեղավոր, որ «Սասնա ծռերը» դիմեցին այսպիսի գործողությունների: Եթե իրականում մենք արդարադատություն ունենայինք և դատավորներն անկախ լինեին, ապա ինչու պետք է նրանք դիմեին ապստամբության և ոչ թե արդարադատությանը»,- ասաց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ մինչ օրս «Սասնա ծռերին» ներկայացված մեղադրանքի էությունը պարզ չէ:

1577 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am