Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը ներկայացրել է ֆրանսիական երաժշտություն՝ Խաչատրյանի տանը

02:05, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը ներկայացրել է ֆրանսիական երաժշտություն՝ Խաչատրյանի տանը

Հունվարի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակն էր՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազմով։ Նրանց էին միացել նաև դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և հոբոյահար Տիգրան Վարդանյանը։ Քառյակի երաժիշտները հանդես էին գալիս տարբեր անսամբլային կազմերով՝ դուետ, տրիո։ Երեկոյի ընթացքում հնչել են ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի կամերային ստեղծագործությունները՝ սոնատ կլարնետի և ֆագոտի համար, սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար, դաշնամուրային սոնատ 4 ձեռքի համար, սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, տրիո հոբոյի, ֆագոտի և դաշնամուրի համար։
     «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» նախաձեռնությունը 5-ամյա պատմություն ունի. մեկնարկել է այն ժամանակ, երբ նշվում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը։

Խոսելով «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակի մասին՝ Դավիթ Գյուլամիրյանը նշել է, որ իրենց անսամբլի ապագան տեսնում է գունավոր, ցանկանում և ձգտում են հանդես գալ մեծ բեմերում։ Եվ այդ ճանապարհին գարնանը հյուրախաղեր ունեն Գերմանիայում։ Ի դեպ, քառյակը երկամյա գործունեության ընթացքում արդեն հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, Լիբանանում։

2852 | 0
Facebook