Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ե՞րբ է ի վերջո ընդունվելու «Թատրոնի մասին» օրենքը. քննարկումներ՝ «ցավոտ» խնդիրների շուրջ

19:05, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ե՞րբ է ի վերջո ընդունվելու «Թատրոնի մասին» օրենքը. քննարկումներ՝ «ցավոտ» խնդիրների շուրջ

Նախարար Արմեն Ամիրյանը Լոս Անջելեսում հայկական պարային խմբերի ղեկավարների հետ հանդիպելուց և համագործակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո երեկ հանդիպել է Հայաստանի պարարվեստի ներկայացուցիչների հետ։

Նախարար Ամիրյանը նշել է՝ Խոր Վիրապում «Քոչարի» փառատոնը պետք է այնպես կազմակերպել, որ երկու տարի անց այն այլևս չունենա պետության օժանդակության կարիքը և շարունակի գոյատևել ինքնուրույն.

«Մեզ համար չափազանց կարևոր է փառատոնի «բազմապատկող էֆեկտը», այն պետք է նպաստի հայկական պարի հանրահռչակմանը, նաև սոցիալական խնդիր լուծի: Այս տրամաբանությամբ ստեղծվող փառատոնին նախարարությունը պատրաստ է աջակցել»:

Նախարարությունը պատրաստ է աջակցել նաև ոլորտի մասնագետների վերապատրաստմանը՝ հայտնի մասնագետների հրավիրելով, ինչպես նաև արտերկիր գործուղելով հայաստանցի մասնագետներին: Երևանի պարարվեստի ուսումնարանի երեք մասնագետներ առաջիկայում կվերապատրաստվեն ռուսաստանցի բալետմայստեր Բորիս Էյֆմանի արվեստանոցում:

Հանդիպման ընթացքում ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ ևս քննարկումներ են տեղի ունեցել:

Մարզական պարերն անկում են ապրում Հայաստանում: Միջազգային փորձի պակաս կա: Ոլորտի ներկայացուցիչներն արձանագրել են, որ վերապատրաստման լուրջ խնդիր կա նաև այս ոլորտում: Նախարարն առաջարկել է Հայաստանում մարզական պարերի փառատոն անցկացնելու ծրագիր ներկայացնել:

Հանդիպմանը քննարկվել է նաև պարարվեստին նվիրված գրականության սղության խնդիրը: Այս հարցում էլ կառուցողական համաձայնություն է ձեռք բերվել. նախարարությունը կօժանդակի ներկայացված երեք աշխատությունների և մասնագիտական մեկ կայքէջի ստեղծմանը:

Քննարկված ամենացավոտ խնդիրը, թերևս, բալետի պարողների՝ կենսաթոշակի անցնելու տարիքն ու պայմաններն օրենքով կարգավորելու խնդիրն է. «Ե՞րբ է ի վերջո ընդունվելու թատրոնի մասին օրենքը, որպեսզի ոչ միայն բալետի պարողների սոցիալական խնդիրը, այլև անհրաժեշտ սերնդափոխության հարցը լուծվի»:

Հայկական բալետի ներկայացուցչի հարցադրմանն ի պատասխան, նախարարը նախ հիշեցրել է, որ հիշյալ խնդիրը կարգավորվում է միանգամայն այլ օրենքով: Ինչ վերաբերում է Թատրոնի մասին օրենքին, ապա նախարարության՝ բազմիցս հնչեցրած, ինչպես նաև գրավոր ներկայացրած հարցադրումներին ի պատասխան, թատերական որևէ կոլեկտիվ, այդպես էլ հիմնավոր որևէ առաջարկ կամ ձևակերպում չի ներկայացրել, թե ինչու է անհրաժեշտ Թատրոնի մասին օրենքի ընդունումը:

Քննարկված ծրագրերն առավել հստակ ներկայացնելու նպատակով առաջիկայում ևս նման հանդիպումներ կկազմակերպվեն, հայտնում է Մշակույթի նախարարությունը:

2813 | 0
Facebook