Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2017թ․ Հայաստանում արձանագրվել են մարդու իրավունքների լուրջ խախտումներ բազմաթիվ ոլորտներում. Human Rights Watch

17:35, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
2017թ․ Հայաստանում արձանագրվել են մարդու իրավունքների լուրջ խախտումներ բազմաթիվ ոլորտներում. Human Rights Watch

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանի հոդվածը Human Rights Watch-ի զեկույցի վերաբերյալ.

Հունվարի 18-ին «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը հրապարակեց իր «Համաշխարհային զեկույց 2018» ամենամյա հետազոտությունն, որն ամփոփում է մարդու իրավունքների հիմնահարցերը աշխարհի 90-ից ավելի երկրներում և տարածքներում, 2016թ․ վերջից մինչև 2017թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։ Զեկույցում ընդգրկված երկրների շարքում է նաև Հայաստանը։ Մասնավորապես, զեկույցն անդրադառնում է 2017թ․ խորհրդարանի և ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ հետապնդումներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին չարաշահումների համար պատասխանատվության չենթարկելուն, և այլն:

Ընտրություններ

Ըստ «Համաշխարհային զեկույց 2018»-ի՝ 2017թ․ խորհրդարանական ընտրությունները չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ։ Իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունը՝ խախտումների մասին զեկույցների ֆոնին։ Հղում տալով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցին՝ «Human Rights Watch»-ի զեկույցը նշում է, որ 2017թ․ խորհրդարանական ընտրությունները «ստվերվեցին ընտրակաշառքների և հանրային ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով»: 2017թ․ մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններն, իրենց հերթին, աչքի ընկան ընտրողների ցածր մասնակցությամբ, ընտրակաշառքների և ընտրողներին ահաբեկելու մասին տեղեկություններով։

Ճնշումներ իրավապաշտպանների դեմ

Այս բաժնում «Համաշխարհային զեկույց 2018»-ը անդրադառնում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտմանն ու դրան հաջորդած դատական գործընթացին` ընդդեմ կազմակերպության և դրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի։

Այս բաժնում զեկույցն անդրադառնում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին մահվան սպառնալիքներ ներկայացնելու դեպքի անպատժելի մնալուն և կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության և վաշխառության դեմ պայքարող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Մարինա Պողոսյանի դեմ հարուցված դատական գործին։

Անպատժելի իրավապահները

Այս հատվածում զեկույցն անդրադառնում է 2016թ․ հուլիսին Երևանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ իրավապահ մարմինների իրականացրած բռնությունների դեպքերին։ Ըստ զեկույցի՝ բռնությունների դիմած պաշտոնյաները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության, մինչդեռ խաղաղ ցույցերի մասնակիցներն ու դրանց ղեկավարները ենթարկվել են խիստ քրեական պատիժների։ Դատապարտվել է 22 մարդ, որոնցից 11-ը՝ մեկից երեք ու կես տարվա ազատազրկման, 7-ը ստացել է պայմանական պատիժ, 3-ը՝ տուգանվել, իսկ 1-ը՝ պայմանական պատիժ և տուգանք:

Զեկույցը անդրադառնում է նաև լրագրողների իրավունքների խախտումներին, երեխաների ու կանանց իրավունքների ոտնահարման դեպքերին, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ բռնություններին։

Այսպիսով, ըստ «Human Rights Watch» կազմակերպության տարեկան զեկույցի՝ 2017թ․ Հայաստանում արձանագրվել են մարդու իրավունքների լուրջ խախտումներ բազմաթիվ ոլորտներում։

3210 | 0
Facebook