Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միկրոավտոբուսների շահագործումը կբացառվի». ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

14:05, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
«Միկրոավտոբուսների շահագործումը կբացառվի». ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Հունվարի 18-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը:

Նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։
     «Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Ի պատիվ խորհրդատու կազմակերպության, պետք է նշեմ, որ իսկապես մանրակրկիտ աշխատանք է կատարվել նոր ցանցի նախագծման շրջանակում, որի շնորհիվ շուրջ երեք անգամ կրճատվում է առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը, որոնք նախկինում ձևավորվել էին իրավիճակային լուծումների հետևանքով և որպես այդպիսին տրամաբանական ցանց չէին կազմում։ Հարկ է նաև նշել, որ նոր ցանցի նախագծման համար այսօր առկա երթուղիները հիմք չեն հանդիսացել»,- նշել է Վահե Նիկոյանը։

Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։ Բացի այդ, հաշվի են առնվել մի շարք նորմատիվներ, որոնք վերաբերում են ճանապարհների և ներկայիս կանգառահատվածների թողունակությանն ու տեխնիկական հնարավորություններին, ուղևորահոսքերի ծավալին, տրանսպորտային միջոցների ժամանման հաճախականությանը:

Նոր ցանցի մասնագիտական ուսումնասիրությանն ու վերջնական հաստատմանը հաջորդելու են բարեփոխման մյուս փուլերի շուրջ աշխատանքներն, ինչպես նաև նոր ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը, այս մասին հատնում է Երևանի քաղաքապետարանը:

Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը
Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը
6215 | 0
Facebook