Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր գրականագետ Տիգրան Հախումյանի ծննդյան օրն է

18:15, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Այսօր գրականագետ Տիգրան Հախումյանի ծննդյան օրն է

«Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելիս Տիգրան Հախումյանը հանդիպում է Վահան Տերյանի հետ: Վերջինս այնպիսի պատգամներ է տալիս, որ նա երբեք չմոռացավ ողջ կյանքում: Դրանք են` ամբողջովին նվիրվել մեր հինավուրց մշակույթին, հիանալի հարուստ լեզվին, սրբորեն պահպանել մեր ժողովրդի դարավոր ավանդները: Եվ նա պահպանեց դրանք: Զարգացրեց մեր մշակույթը` հայերեն թարգմանելով ռուս և արտասահմանյան նշանավոր գրողների բազում երկեր, հայերենից էլ ռուսերեն է թարգմանել մեր անվանի գրողներին»,- մեծ գրականագետի մասին ասել է ՀԳՄ անդամ Աելիտա Դոլուխանյանը:

Այսօր հայ բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (1961), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943), ԽՍՀՄ գրողների միության անդամ Տիգրան Հախումյանի ծննդյան օրն է:

Ծնվել է 1894թ. հունվարի 17-ին Երևանում: 1912թ. ավարտել է Բաքվի ռեալական ուսումնարանը, 1917թ.` Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան համալսարանի պատմաբանասիրական և իրավաբանական ֆակուլտետները: Մինչև 1920թ. աշխատակցել է Թիֆլիսի հայկական թերթերին, եղել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» լրագրերի խմբագիր: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո` 1921թ. տեղափոխվել է Երևան, որտեղ սկզբում աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատի քաղլուսավորության գլխավոր վարչությունում, ապա` «Մաճկալ» ու «Խորհրդային Հայաստան» թերթերի և «Վերելք» հանդեսի խմբագրություններում, միաժամանակ 1923-1931թթ. եղել է դատապաշտպան: 1941-1958թթ. կատարել է գիտամանկավարժական աշխատանք` դասավանդելով ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական, Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների, ինչպես և գեղարվեստաթատերական ինստիտուտներում: 1951թ. Տ. Հախումյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1961թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Տ.Հախումյանի գրչին են պատկանում «Անտոն Չեխով. նրա կյանքը և ստեղծագործությունը» (Եր., 1944), «Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդով. նրա կյանքն ու ստեղծագործությունը» (Եր., 1945), «Ասք սովետական դյուցազունների մասին» (Եր., 1945), «Դ. Դեմիրճյանի դրամատուրգիան» (Եր., 1958), աշխատությունները: Նա հեղինակ է նաև բազմաթիվ գիտական հոդվածների ու արժեքավոր հուշերի` նվիրված գրականության, թատերագիտության, թարգմանչական արվեստի խնդիրներին ու մշակույթի նշանավոր գործիչներին, որոնց մի զգալի մասը տեղ է գտել «Գրական հոդվածներ և հիշողություններ» ռուսերեն երկհատորյակում (Եր., 1966, 1970) և հայերեն «Հուշեր» (Եր., 1987) ժողովածուում: Տ. Հախումյանը հեղինակ է բանաստեղծությունների և մեկուկես տասնյակ դրամաների: Դեռևս 1931թ. Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը բեմադրել է նրա «Թշնամին» պիեսը, իսկ առանձին ստեղծագործություններ բեմադրվել են Երևանի, Թբիլիսիի, Բաքվի, Ռոստովի, Լենինականի թատրոններում: Տ. Հախումյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն (Ե.Չարենցի ընտրությամբ) լույս է տեսել 1923թ. Երևանում, իսկ «Երկու ամիս ռազմաճակատում» ճակատային օրագիրը` 1946թ.: 1934-ից եղել է գրողների միության անդամ:

«Հախումյանի «Հուշեր» գիրքը բացառիկ տպավորիչ է թե՛ իր բովանդակությամբ և թե՛ մշակութային բացառիկ արժեքով: Այն իրավամբ ինքնատիպ հանրագիտարան է XX դարի հայ մշակույթի, քանզի նրանում բացառապես մեր մեծերն են` գրողներ, գրականագետներ, թատերագետներ, նկարիչներ, ճարտարապետներ, պատմաբաններ, երաժիշտներ, դերասաններ»,- հավելել է Աելիտա Դոլուխանյանը:

Տիգրան Հախումյանը ռուսերենից հայերեն է թարգմանել 99 պիես, այդ թվում` Շեքսպիր, Գոլդոնի, Լոպե դե Վեգա, Բոմարշե (ֆրանսերենից), Պուշկին, Լերմոնտով, Օստրովսկի, Գորկի, Լունաչարսկի, Մուրացան, Էրենբուրգ և այլք:

1943թ. Տ.Հախումյանն արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1939) և մի շարք մեդալներով:

Վախճանվել է 1973թ. մարտի 25-ին Երևանում:

4783 | 0
Facebook