Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օգտատերերը «Վիվարոբեթ»-ին մեղադրում են հին խաղերի վրա խաղադրույքներ ընդունելու մեջ. ընկերությունը չի արձագանքում

11:05, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Օգտատերերը «Վիվարոբեթ»-ին մեղադրում են հին խաղերի վրա խաղադրույքներ ընդունելու մեջ. ընկերությունը չի արձագանքում

Վերջին ամիսներին MAMUL.аm լրատվական գործակալության խմբագրությունը բազմաթիվ բողոքներ էր ստանում Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների կողմից օգտատերերի իրավունքների խախտման և ապoրինությունների վերաբերյալ:
     Գնալով թեմայի հետքերով` խմբագրությունը հանդես եկավ մի քանի հոդվածներով, որոնց հետևեցին դժգոհություն հայտնող քաղաքացիների նոր ահազանգերը:

Հատկանշական է, որ դժգոհությունների առյուծի բաժինն ընկնում էր «Վիվարոբեթ»-ին: Ի թիվս տարբեր խախտումների՝ գումարի կամ հաշվի սառեցում, շահած գումարի չտրամադրում և այլն, մեր ուշադրությունը գրավեց հետևյալը. որոշ օգտատերեր տեղեկացնում էին, որ ընկերությունը պարբերաբար գործակիցներ է սահմանում և խաղադրույքներ ընդունում՝ վաղուց տեղի ունեցած խաղերի վրա: Այսպես. համաձայն օգտատերերի նկարագրության` նշվում է, որ ընկերությունն ընդունում է խաղադրույք՝ խաղային իրադարձության վրա, որի արդյունքն արդեն իսկ հայտնի է: Սխեման հետևյալն է. սահմանվում է գործակից միայն ոչ ոքի արդյունքի կամ արդեն պարտված կողմի հաղթանակի գործակցի: Ընդ որում երկու դեպքերում էլ գործակիցները բարձր և գրավիչ են սահմանվում:

Այսպիսով՝ խաղադրույք կատարողը, ով տեղեկացված չէ, որ այդ խաղը վաղուց տեղի է ունեցել, ոգևորվում է բարձր գործակիցներով, կատարում է խաղադրույք՝ չգիտակցելով անգամ, որ արդեն իսկ դատապարտված է պարտության:

Օգտատերերը նշում են, որ նմանատիպ խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում հեռավոր երկրների երկրորդ կամ երրորդ լիգաներում, որոնք երբեք չեն հեռարձակվում և հնարավոր չէ հետևել դրանց՝ բացառությամբ տվյալ բուքմեյքերի կայքում:

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար 2017թ. դեկտեմբերի 20-ին գրավոր հարցում ուղարկեցինք «Վիվարոբեթ»-ի գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանին:

Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չստանալով պատասխանը՝ դիմեցինք ընկերության համապատասխան աշխատակից Մերի Ղարիբյանին, ով նշեց, որ շուտով կուղարկեն պատասխանն, ինչն այդպես էլ տեղի չունեցավ:

5648 | 0
Facebook