Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Երևանում

19:50, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Երևանում

Վանաձորի Երևանյան խճուղու 64-րդ շենքի դիմաց նախորդ տարվա օգոստոսին կրակոցներ էին հնչել։ Երեք գնդակ էր արձակվել՝ մեկը դիպել էր կոշկակարի տաղավարին, մեկը՝ հարևանությամբ գտնվող աստիճանահարթակին, վերջինն էլ՝ Վանաձորի բնակիչ Էդմոն Հարությունյանին։

Օգոստոսի 14-ին ժամը 22։00-ի սահմաններում տուժողի հոսպիտալացումից հետո՝ Վանաձոր բժշկական կենտրոնից ահազանգել էին ոստիկանության Բազումի բաժին։ Էդմոն Հարությունյանը որովայնի վնասվածք էր ստացել, բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։ Հարուցվել էր քրեական գործ սպանության փորձի և ապօրինի կեպով հրազեն ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու հատկանիշներով։

Ոստիկանության տեղեկություններով՝ տուժող Էդմոն Հարությունյանի և նրա նախկին ընկեր Արման Շահինյանի միջև Ռուսաստանի Դաշնությունում տեղի էին ունեցել վիճաբանություններ, ծեծկռտուքներ, նրանք միմյանց հետ գտնվել էին թշնամական հարաբերությունների մեջ։

Բազումի բաժնի քրեական հետախույզներին հաջողվել էր պարզել, որ դեպքի օրը Շահինյանը «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկել էր Երևանյան խճուղում, իսկ Էդմոն Հարությունյանի ուղղությամբ կրակել են հենց «Օպել»-ի սրահից։ Պարզվել է, որ Շահինյանը հետևել է Էդմոն Հարությունյանին, նրան հրազենային վնասվածք հասցրել և դիմել փախուստի։

Բացահայտումից հետո Վանաձորի բնակիչ 36-ամյա Արման Շահինյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչությունը մեղադրանք առաջադրելու օրը մեղադրյալի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Որոնողական աշխատանքների արդյունքում, դեպքից հինգ ամիս անց՝ հունվարի 9-ին, ոստիկանության աշխատակիցները Արման Շահինյանին հայտնաբերել են Երևանում։ Նույն օրը հետախուզվողը տեղափոխվել էր Լոռու Տարոնի բաժնի Ձերբակալվածների պահման վայր և ձերբակալվել, ապա կալանավորվել և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Շարունակվում են միջոցառումները հանցագործության գործիք հրազենի հայտնաբերման ուղղությամբ, այն փորձաքննության համաձայն՝ Մակարով տեսակի ատրճանակ է։

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Երևանում
5067 | 0
Facebook