Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն կասկածի տակ է դրել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավճիռը

16:15, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
ԵՄ-ն կասկածի տակ է դրել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավճիռը

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի նկատմամբ սահմանված 6-ամյա դատավճիռը լուրջ հարցեր է առաջացնում՝ կապված Ադրբեջանում հիմնարար իրավունքների հարգման, այդ թվում՝ մտքի և խոսքի ազատության հետ: Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Svoboda.org-ը:

«Վրաստանից Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը, որին հաջորդեց նրա ձերբակալությունն ու Ադրբեջանում նրա նկատմամբ դատական հետաքննությունը, պահանջում է մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացնել»,- ասվում է ԵՄ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանում ազատազրկման բոլոր դեպքերը՝ կապված մարդու հիմնարար իրավունքների հետ, պետք է անհապաղ վերանայվեն:

Նշենք, որ ադրբեջանցի լրագրողը 2014-ից ապրում է Վրաստանում, ընդ որում, Ադրբեջանում նրան մեղադրում են եկամուտների թաքցման համար: 2017թ. մայիսին նրա մտերիմները սոցցանցերում հայտնել էին Թբիլիսիից նրա անհետացման մասին: Նույն օրն ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ նրան հարցաքննում են Բաքվում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն կոչ էր արել ազատ արձակել Մուխթարլիին:

9156 | 0
Facebook