Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես զբաղվում եմ իմ գործով՝ ո՛չ երգում եմ, ո՛չ պարի դասեր տալիս, ո՛չ էլ խորհրդարանում Գյուլնազ տատի հեքիաթներն եմ պատմում». Էմիլ Գալստյան

17:15, կիրակի, 14 հունվարի, 2018 թ.
«Ես զբաղվում եմ իմ գործով՝ ո՛չ երգում եմ, ո՛չ պարի դասեր տալիս, ո՛չ էլ խորհրդարանում Գյուլնազ տատի հեքիաթներն եմ պատմում». Էմիլ Գալստյան

«Թատրոնում ո՛չ դերասանի հաստիք կա, ո՛չ դեր, ո՛չ հարգանք, էլ չեմ ասում աշխատավարձի մասին: Դժվար է աշխատել նման մասնագիտությամբ, երբ շուրջբոլորդ չդերասաններ են: Թատրոնը հիմա համացանցն է»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց դերասան Էմիլ Գալստյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Բանակում» ու «Քաղաքում» հեռուստասերիալներից:

Լուսանկար՝ «Բանակում» սերիալից
Լուսանկար՝ «Բանակում» սերիալից
Ինչպես պարզ դարձավ՝ դերասանին առայժմ թատրոնում չենք տեսնի, ինչ վերաբերում է հեռուստասերիալներին, ոչ թե հրաժարվում է նկարահանվել, այլ՝ առաջարկներ չկան, քանի որ ինչպես Էմիլն է ասում՝ «նախագիծ չկա. հեռուստատեսությունն սպառվել է. Թի-Վի-ների արտադրանքը ևս մարդիկ համացանցի միջոցով են նայում»:

Դիտարկմանը՝ Ձեր մասնակցությամբ հումորային սերիալները բավականին մեծ լսարան ունեին ու Ձեր խաղն ամենադիտարժաններից էր, ասաց. «Ես իմ մասնագիտությանը պրոֆեսիոնալ եմ տիրապետում ու սիրով եմ անում իմ աշխատանքը: Կարծում եմ՝ այդ սերն էլ իր հերթին կարողանում եմ փոխանցել հանդիսատեսին, ինչի համար շնորհակալ եմ Բարձրյալին»:

Դերասանը տեղեկացրեց, որ առաջիկայում նոր նախագիծ կներկայացնի երկրպագուների դատին, թե ինչ ծրագիր է՝ փակագծերը չբացեց. «Նախաձեռնել եմ իմ անձնական պրոեկտը, որը շուտով համացանցում կլինի՝ իմ անհատական էջում»,- ասաց Էմիլը:

Էմիլ Գալստյանը
Էմիլ Գալստյանը

Զրույցի վերջում հետաքրքրվեցինք՝ հետևո՞ւմ է արդյոք Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին: Ի՞նչն է առավել մտահոգում, ի՞նչը կցանկանար փոխել: «Ամեն մարդ, եթե իր գործով զբաղվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Ես զբաղվում եմ իմ գործով՝ ո՛չ երգում եմ, ո՛չ պարի դասեր տալիս, ո՛չ էլ խորհրդարանում Գյուլնազ տատի հեքիաթներն եմ պատմում: Ինձ զայրացնում է, որ երգիչներն, այն էլ չկայացած, եկել, գրավել են երիտասարդ, տաղանդավոր դերասանների տեղը: Ամեն դուրս եկած ֆիլմում դերասանական նույն կազմն է ՝ կեսը երգիչ, կեսը՝ թամադա: Հոգնել ենք: Տաղանդավոր, նոր ավարտած դերասաններ կան, որոնց պետք է հնարավորություն տալ ցույց տալու իրենց ձիրքը, եռանդը»,- եզրափակեց Էմիլ Գալստյանը:

13331 | 2
Facebook