Խնդրում ենք սպասել...

Համացանց

Համացանցը քննարկում է նախարարի՝ «Բոշան դու ես» աղմուկ բարձրացրած գրառումը

15:25, կիրակի, 14 հունվարի, 2018 թ.
Համացանցը քննարկում է նախարարի՝ «Բոշան դու ես» աղմուկ բարձրացրած գրառումը

Երեկվանից համացանցը ողողված է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գրառման վերաբերյալ քննարկումներով:

Հիշեցնենք՝ վիրավոր զինծառայողներից մեկին օգնելու հարցով նա կոչ էր արել մասնակցել դրամահավաքին.

«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- գրել էր նախարարը:

Ֆեյսբուքահայությանը զարմացրել էր, որ գրառման վերաբերյալ մեկնաբանություններին արձագանքում է հենց նախարարն ու բավականին արագ: «Այո, ես եմ գրում։ Որոշել եմ շաբաթ երեկոս նվիրել Ալբերտի բուժմանն աջակցելուն։ Կարող եք, դուք էլ օգնեք։ Իսկ իմ աշխատանքային շաբաթն առնվազն 75 ժամ է, ես ինձ շաբաթ երեկո կարող եմ թույլ տալ»,- արձագանքել էր Սարգսյանը։

Օգտատերերից Սամվել Հայրապետյանը հետաքրքրվել էր՝ «1000 դրամները, որ ամեն ամիս բոլորս տալիս ենք, ինչի՞ այդ գումարներից չեք հատկացնում»:

«1000plus.am-ում ամեն ինչ բացատրված է: Այն տարածվում է միայն 2017թ. հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերին։ Ալբերտի դեպքն առանձին վերաբերմունքի կարիք ունի»,- գրել էր նախարարը:

Քննարկումները թեժացան, երբ օգտատերերից Պետրոս Սարգսյանը գրեց՝ «1000 դրամները պրծան, թե՞ թազա բոշության ձև է»: «Բոշան դու ես»,- հակադարձեց Վիգեն Սարգսյանը:

Համացանցը քննարկում է նախարարի՝ «Բոշան դու ես» աղմուկ բարձրացրած գրառումը
Համացանցը քննարկում է նախարարի՝ «Բոշան դու ես» աղմուկ բարձրացրած գրառումը

«Պետգնումների ոլորտում կոռուպցիան մի ամիս դադարեցրեք, 450 հազար չէ՝ 4.5 մլն կունենաք զինվոր բուժելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում նկատեց քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը: Ակտիվիստ Արամ Մանուկյանի արձագանքը ևս չուշացավ. «Էնքան հոգատար էին բանակի ու զինվորի հանդեպ, որ մարգարին էին կերցնում կարագի փոխարեն... Պետությունը պարտավոր ա տեր կանգնի իրա վիրավոր զինվորին։ Համատարած թալանի ֆոնի վրա հրեշտակի թև են հագել, մի բան էլ զարմանում են, երբ մեր ռեակցիան տեսնում են։ Ոչ մեկ չի ասել մի օգնեք, մարդիկ այլ բան են ասում ու ցույց տալիս»:

Ակտիվիստ Կարպիս Փաշոյանն իր գրառման միջոցով ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, ըստ որի «ոչ ոք չի ասում, թե չպետք է օգնել, իհարկե պետք է: Բայց այդ բարեգործություն կոչվածը չպետք է ինստիտուտի կարգավիճակ ստանա՝ ետին պլան մղելով պետության կողմից ստանձնած պարտավորությունները». «Պետություն երբեք չենք դառնա, քանի դեռ փոխհարաբերման առաջնային կերպն ադաթներն են ու կրիմինալը, իսկ կենսունակ միակ ինստիտուտը՝ բարեգործությունը: Այստեղ ողորմության և մուրացկանության պրակտիկան է առաջնային պլան մղվել. ինչ-որ մեկը կամավոր կօգնի, ժողովուրդը փող կհավաքի, ռուսաստանաբնակ հայ գործարարը այս կամ այն տեխնիկան կնվիրի, ՀԿ-ները սնունդ կնվիրեն, գիտություն էլ պետք չէ, բոլորը՝ բանակ...»,- նշել էր նա:

26748 | 8
Facebook