Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բազմիցս ասել են, որ ծախված եմ, թե որտե՞ղ է իմ ծախված լինելը, չեմ հասկանում». այսօր Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է

12:05, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
«Բազմիցս ասել են, որ ծախված եմ, թե որտե՞ղ է իմ ծախված լինելը, չեմ հասկանում». այսօր Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է. նա դառնում է 60 տարեկան:

Հրանտ Թոխատյանը ծնվել է Արամ և Եվգենյա Թոխատյանների ընտանիքում: Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, իսկ մայրն՝ անտառային տնտեսության ինժեներ:

Թոխատյանն ավարտել է Երևանի թիվ 109 միջնակարգ դպրոցը: 1976-81թթ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Օշականում: 1976թ. հրավիրվել է Երևանի պետական Կամերային թատրոն, որտեղ աշխատել է 15 տարի: Երիտասարդ տարիքից խաղացել է բազմաթիվ թատերական ներկայացումներում` «Նազար, Նազար մինչև վերջ» (1977թ.), «Կառավարական համերգ» (1977թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1980թ.), «Համլետ» (1983թ.), «Հերոսիմա» (1983թ.), «Հայք» (1989թ.), «Կաբարե» (1990թ.), «Խաթաբալադա» (1996թ.), «Մեա կուլպա» (2002թ.), «Օպերա, օպերա» (2008թ.), «Ժանգոտ բանալի» (2009թ.), «Դոն Ժուան Ավիա» (2009թ.), «Դոն Ժուանները Մարսելում» (2013) և այլն:

Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Կամոյի մենախոսությունը» (1987թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1997թ.), «Քանի դեռ կամ» (2000թ.), «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004թ.), «Մեր բակը 3» (2005թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Տաքսի էլի լավա» (2009թ.), «Կորած և գտնված Հայաստանում» (2010թ.), «Վերջին մոհիկյանը» (հեռուստասերիալ, 2013-15թթ, СТС), «Պապ 005» (2013թ.), «Առանց սահման» (2015թ.), «Երկրաշարժ» (2016թ.), «Հրաշքների աշխարհ» (2016թ.), «Ամեն ինչ տղամարդկանց մասին» (2016թ.), «Հարձակում» (հեռուստասերիալ, 2016թ., ОРТ) և այլն:

Հրանտ Թոխատյանը շարունակում է ակտիվորեն հանդես գալ կինոյում և թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաև օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների և կինոընկերությունների հետ:

Վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել «Կանազ» մշակույթի տան հարցը, որն, ինչպես նշել էր «Երկիր ծիրանի»-ն, Թոխատյանը նվեր էր ստացել քաղաքապետարանից: Մեկնաբանելով լուրը՝ դերասանն ասել էր. ««2007-ին այդ շենքը շատ պատահական Էկոնոմիկայի նախարարության կողմից գտնվել էր, և ներկայացումը նայելուց հետո առաջարկեցին՝ քանի որ մշակույթի օջախ է, այս մեկը գոնե չդառնա խանութ ու կործանվի, ասացին` գնացեʹք, բեմն օգտագործեք»,- պատմել էր Թոխատյանն ու հավելել, որ միշտ մանկական թատրոն ստեղծելու երազանք է ունեցել. «Գումարը ես կգտնեմ, շենքը խելքի կգա ու դպրոցը կլինի, կուզի՞ դա Փոստանջյանը, թե չի ուզի, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, իմ տարիքն ինձ թույլ է տալիս լինել մի քիչ ինքնավստահ, ու հասկանալ՝ ինչ եմ ուզում և ինչպես եմ անելու: Իսկ երբ այնտեղ կաշխատի բենզալցակայան, խանութ կամ խաշանոց, կգաք կասեք` ամոթ քեզ»:

Նախորդ տարի, երբ լրանում էր «Մեա կուլպա» ներկայացման 15 տարին, լրագրողների հետ զրույցում դերասանն անդրադառնալով իրեն քննադատողներին, նշել էր. «Ինձ բազմիցս ասել են, որ ծախված եմ, թե որտե՞ղ է իմ ծախված լինելը, չեմ հասկանում: Հրաժարվեցի վաստակավոր արտիստի կոչումից, որովհետև տվել էին` առանց հիմնավորելու… Հիմա էլ հիմնավորեցին ու ժողովրդականի կոչում տվեցին: Բայց դրանից կենսամակարդակս չբարձրացավ, կոմունալ ծախսերս չպակասեցին, ոչ էլ դրանից հետո ավելի լավ սկսեցի խաղալ...»:

7123 | 8
Facebook