Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սպասում եք, որ հացադուլավորները Հաց բերողի ճակատագի՞րն ունենան և հետո ծափերով թաղե՞ք»․ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել անտարբեր չգտնվել «Սասնա ծռերի» անդամների վիճակին

11:15, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
«Սպասում եք, որ հացադուլավորները Հաց բերողի ճակատագի՞րն ունենան և հետո ծափերով թաղե՞ք»․ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել անտարբեր չգտնվել «Սասնա ծռերի» անդամների վիճակին

«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը մտահոգություն է հայտնել «Սասնա ծռերի» անդամներ՝ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի առողջության կապակցությամբ:

Նա կոչ է արել քաղաքացիներին՝ անտարբերություն չցուցաբերել և ստիպել համակարգին՝ լուծել հացադուլավորների՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելու հարցը:

Իր կոչում Սեֆիլյանը նշել է․

«Քաղաքացիական հասարակությու՛ն

Ակտիվ քաղաքացինե՛ր

Սասնա Ծռերից երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին:
     Մինչդեռ դուք լուռ եք՝ կարծես թե վերջ չունեցող «տոնական» կերուխումի և ծույլ հանգստի ընթացքին անձնատուր:
     Ինչի՞ եք սպասում: Որ Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան և հետո ծափերով թաղե՞ք: Մինչդեռ Հաց Բերողի տանջամահությունը, նրա անձնազոհությունը պետք է ցասման վերածվեր:
     Հիմա էլ նույն անտարբերությունն է …
     Սա այն դեպքը չէ, որ հնարավոր չլինի համակարգին ճնշել և ստիպել, որ պարզունակ մի հարց լուծվի՝ տղաները տեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ:
     Մի՞թե հասել ենք գիտակցության մթագնման և արժանապատվության անկման մի վիճակի, որից այն կողմ կրավորական մահն է:
     Տղաներն իրենց արարքով, իրենց գործով են ապացուցել, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն սիրելի ժողովրդի, մինչդեռ դրա փոխարեն ի՞նչ են ստանում:
     Հաց Բերողի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի տեսակը կորցնելով՝ Հայրենիք ենք կորցնում:

Սթափվելու և կրավորական թմբիրից դուրս գալու ժամանակն է»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամներ Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), տևական ժամանակ է հացադուլի մեջ են գտնվում: Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն այս եղանակով պահանջում են իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից, Ս. Բարսեղյանը` դեկտեմբերի 21-ից, իսկ Արայիկ Խանդոյանն, ի զորակցություն վերջինների, հացադուլ սկսեց դեկտեմբերի 29-ից:

3878 | 4
Facebook