Օրեր առաջ Սերժ Սարգսյանն ամանորյա «նվեր» է արել Հրազդանի քաղաքապետի՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ որդու համար: Ասում են՝ գործը կարճվել է, քանի որ փորձաքննությունը «պարզել է», որ նա երթևեկության կանոնները չի խախտել, վրաերթն էլ կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել: Շատերն այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերին Դիլիջանում ունեցած ելույթը հենց Հրազդանի քաղաքապետի որդու մասին էր. «Եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել»:
Հիշեցնենք՝ հոր ծառայողական մեքենայով 58-ամյա տղամարդուն վարերթի ենթարկելուց հետո, քաղաքապետի անչափահաս որդին դիմել էր փախուստի: Ամիսներ անց, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, պարգևատրվել էր ՀՀ նախագահի կողմից: