Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ապրիլյան պետերազմի օրերին իրական սիրո պատմություն՝ Գյումրու թատրոնի բեմում». Տիգրան Վիրաբյան

15:35, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
«Ապրիլյան պետերազմի օրերին իրական սիրո պատմություն՝ Գյումրու թատրոնի բեմում». Տիգրան Վիրաբյան

«Ներկայացումը գրվել է հատուկ Գյումրու դրամատիկական թատրոնի համար, գործը գրել է դրամատուրգ Անահիտ Աղասարյանը, իսկ թեման մենք ենք առաջարկել: Ներկայացումն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին է: Պիեսն իրական պատմության հիման վրա է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
     «Պատմությունն այսպիսին է. գյումրեցի երիտասարդը ծառայում է Թալիշում և, երբ զորացրվում է, այնտեղ նա սիրած աղջիկ է ունենում: Արդեն ապրիլի 1-ին գյումրեցի մի ամբողջ ընտանիք գնում է Թալիշ՝ նշանադրության և սկսում են ապրիլյան դեպքերը»,- պատմեց տնօրենը:

Դրամատուրգ Անահիտ Աղասարյան
Դրամատուրգ Անահիտ Աղասարյան

     Պիեսում բեմադրիչի հորդորով չկան կրակոցներ ու մարտական տեսարաններ. «Սա ավելի շատ թիկունքի պատմություն է: Բոլորս հիշում ենք, որ այդ ընթացքում մի մեծ պատերազմ էլ թիկունքում էր, երբ բոլորս միասին էինք, միահամուռ և ուշադիր»: Տիգրան Վիրաբյանի խոսքով` ներկայացման առաջին մասը շատ թեթև ու նույնիսկ հումորով է, և հատուկ շեշտադրված չէ, որ սա պատերազմի մասին գործ է: «Մենք փորձելու ենք շատ ծանր երանգներ չտալ ներկայացմանը»: Ներկայացման բեմադրիչը Գյումրու թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է. «Նկարչական ձևավորումը Սունդուկյան թատրոնի գլխավոր նկարիչ Գարեգին Եվանգուլյանն է իրականացնում, հանրապետության լավագույն նկարիչներից մեկը: Իսկ ներկայացման համար երաժշտություն կգրի կոմպոզիտոր Հայկոն: Սեպտեմբերից փորձերն սկսվել են, հիմա ստեղծագործական պրոցեսն սկսվել է, ներկայացումը հունվարից կիջնի բեմ, իսկ մինչև ապրիլ-մայիս արդեն ներկայացումը պատրաստ կլինի»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա փոխանցմամբ` հիմա ներկայացման համար պատրաստվում է մի մեծ հոլովակ, որը կլինի Հայկոյի երաժշտության հիման վրա:
Կոմպոզիտոր` Հայկո
Կոմպոզիտոր` Հայկո
Բեմանկարիչ` Գարեգին Եվանգուլյան
Բեմանկարիչ` Գարեգին Եվանգուլյան

     «Գյումրու դրամատիկական թատրոնն ուղղակի չէր կարող չանդրադառնալ այս թեմային, որովհետև սա բոլորիս հոգու պարտքն է այն մարդկանց, ովքեր, ցավոք, այսօր մեզ հետ չեն: Գյումրու թատրոնում տարեկան 40 հազար մարդ է լինում և մենք այս ամբիոնը չենք կարող չօգտագործել հայրենասիրական դաստիարակության համար: Ցանկացած թատրոն պետք է խաղացանկում ունենա մի ներկայացում, որը նաև մեզ կպատրաստի, և Աստված մի արասցե, բայց գուցե մեկ օր պետք լինի, որ այն հենց դիրքերում խաղանք: Եթե դրա կարիքը լինի, մենք էլ որպես ստեղծագործող, մեր մասնակցությունն ունենանք այդ ամենին: Մենք գիտենք, որ պատերազմի ամենաթեժ պահերին երգել ու պարել են խրամատներում: Տա Աստված, որ այս ներկայացումը մնա Գյումրու թատրոնում ու դրա կարիքը չլինի, բայց մենք ամեն ինչի պատրաստ ենք»,- ամփոփեց թատրոնի տնօրենը:
Գլխավոր ռեժիսոր` Լյուդվիգ Հարությունյան
Գլխավոր ռեժիսոր` Լյուդվիգ Հարությունյան

10023 | 0
Facebook