Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հարցազրույցներ

«Վերջին 20 օրվա ընթացքում ավելացել է սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվը». սրտաբանն՝ անոմալ եղանակի հետևանքների մասին

20:05, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
«Վերջին 20 օրվա ընթացքում ավելացել է սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվը». սրտաբանն՝ անոմալ եղանակի հետևանքների մասին

Այս տարվա ձմռան սկիզբը խիստ տարբերվում է վերջին տարիներից: Դեկտեմբերի գրեթե ամբողջ ընթացքում գրանցվել է տաք ջերմային ֆոն: Օդերևութաբանների խոսքով՝ եղանակային պայմաններն անոմալ են տարվա այս շրջանի համար: Որքան էլ տաք եղանակը հաճելի լինի, միևնույն է, այն իր հետ բերում է ոչ ցանկալի և առողջության համար վտանգավոր խնդիրներ: MAMUL.am լրատվականի թղթակիցը «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Մարինե Օրդյանի հետ խոսել է, թե ինչ խնդիրների կարող է հանգեցնել ջերմային այս տաք ֆոնը սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, և ինչ միջոցներ են պետք ձեռնարկել դրանից խուսափելու համար: Մասնագետը նշեց, որ վերջին 20 օրվա ընթացքում ավելացել է սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվը: «Անոմալ շոգը, որ դիտվում է տարվա այս օրերին, ազդում է սիրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա: Վերջին երկու շաբաթվա ընթացքում սիրտանոթային հիվանդությունների սրացումներով դիմողների թիվն ավելացել է: Օրը նվազագույնը երկու-երեք հիվանդ` սրտամկանի ինֆարկտով, ուղարկում եմ հիվանդանոցներ: Եթե հաշվի առնենք, որ մյուս սրտաբանները ևս դա են արձանագրում, ապա այս հիվանդների թիվը վերջին ժամանակաընթացքում շատ է մեծացել:

Առհասարակ, տարվա ցանկացած ժամանակահատվածում, եթե եղանակը լինում է անոմալ, նույն իրավիճակն է դիտվում: Երբ շոգ է, մեր անոթների կարգավորող մեխանիզմները չեն կարողանում նորմալ աշխատել, իսկ սիրտանոթային հիվանդություններ ունեցողների մոտ ամեն ինչ ավելի բարդ է: Իրենց մոտ լինում է անոթների սպազմ, որը բերում է ճնշման բարձրացման, ինչն էլ կարող է հանգեցնել ուղեղի անոթների կաթվածի, սրտամկանի ինֆարկտի: Այսպիսի եղանակին մարդկանց դիմադրողականությունն ընկնում է, ինչը բերում է վիրուսային հիվանդությունների և գրիպի հիվանդացության բարձրացման: Այս դեպքում սիրտանոթային հիվանդների մոտ լինում է սրացում: Պետք է նշել նաև, որ այսպիսի անոմալ շոգին բարձրանում է արյան խտությունն, ինչը բերում է տրոմբագոյացության, որի հետևանքով կարող են խցանվել սրտամկանի և ուղեղի անոթները»:

Սրտաբանը նշում է, որ նման բարդություններից խուսափելու համար պետք է ուշադիր լինել և նախանշանների դեպքում անմիջապես դիմել մասնագետին: «Նախ մարդիկ պետք է շատ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Սրտանոթային հիվանդությունները հիմնականում ունեն որոշ ախտանիշներ, որոնք մարդիկ պետք է իմանան: Օրինակ՝ շնչարգելությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ էմոցիոնալ սթրեսի ժամանակ, սեղմող բնույթի ցավ կրծքավանդակում կամ կրծոսկրի հետևն, ինչպես նաև խեղդոց կոկորդում, որոնք առաջանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ էմոցիոնալ սթրեսի ժամանակ: Նաև կարող է լինել ուժեղ գլխացավ, գլխապտույտ, խոսակցության խանգարում, երեսի կարմրություն... Մարդիկ չպետք է զբաղվեն միայն Ամանորի նախապատրաստական աշխատանքներով և չհասցնեն ուշադրություն դարձնել իրենց առողջությանը»:

Մասնագետի խոսքով՝ սիրտանոթային հիվանդությունների հետ կապված խնդիրներով դիմողները 45-ից բարձր տարիքի են լինում: Նշում է, որ սովորաբար մինչև 50 տարեկան տղամարդկանց մոտ է հաճախ հանդիպում, իսկ 50-ից հետո՝ կանանց և տղամարդկանց տոկոսը, կարելի է ասել, հավասարվում է:

«Խորհուրդ կտամ, որ մեր հայրենակիցները մինչև Ամանոր գնահատեն իրենց առողջական վիճակը: Այն հիվանդները, որոնք արդեն ունեն գանգատներ, դիմեն իրենց բուժող բժշկին, որպեսզի ստանան դեղաչափերի վերաբերյալ խորհրդատվություն՝ տոնական օրերն առողջական խնդիրներով չծանրաբեռնելու համար: Նույնիսկ եթե չունեն գանգատներ, բայց ունեն սիրտանոթային խնդիր, սխալ չի լինի բժշկի հետ խորհրդակցելը: Հորդորում եմ խմիչքն օգտագործել չափավոր: Դա նշանակում է 50-100 գրամ կոնյակ կամ օղի, 1 գավաթ գինի կամ 500 մլ գարեջուր: Սրտանոթային այն հիվանդներին, ովքեր ունեն շաքարային դիաբետ, գարեջուր օգտագործելը բացառվում է: Պետք է ավելի ուշադիր լինել զարկերակային ճնշմանը, որովհետև խմիչք օգտագործելը բերում է նրան, որ ճնշումը հաջորդ օրը բարձրանում է: Միգուցե դեղահաբերն ավելացնեն....»:

Մարինե Օրդյանից հետաքրքրեցինք՝ իսկ ցուրտ ձմռան դեպքում նկատվո՞ւմ է հիվանդների թվի աճ: «Օրինակ անցած տարի, երբ ցուրտ ու մառախլապատ եղանակ էր, նույնպես ավելացել էր այդպիսի հիվանդների թիվը: Ջերմաստիճանի իջեցումը 1 աստիճանով 2-3 անգամ ավելացնում է սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը»:

3034 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am