Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Թանկացումներին բարեփոխում անվանելը մեղք է»․ քաղաքացիները շարունակում են բողոքել երաժշտական դպրոցների վարձավճարների հնարավոր թանկացումից

18:10, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
«Թանկացումներին բարեփոխում անվանելը մեղք է»․ քաղաքացիները շարունակում են բողոքել երաժշտական դպրոցների վարձավճարների հնարավոր թանկացումից

Երաժշտական դպրոցներում վարձավճարի թանկացման հարցը շարունակում է հուզել քաղաքացիներին, նրանցից շատերը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց մտահոգությունը հայտնեցին, որ այս նախագծի հաստատվելու դեպքում, պատրաստ են դպրոցից հանել երեխաներին:

Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններ են թողել Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի այն գրառման տակ, որով վերջինը լրագրողներին և հանրությանը կոչ է անում պայքարել վերոնշյալ նախագծի դեմ:

Ներկայացնում ենք քաղաքապետարանի որոշումից դժգոհ օգտատերերի մտահոգությունները.

«Անամոթություն է՝ թանկացնել, համատարած թանկացնել բոլոր խմբակների վարձն, ընդ որում, երբ ուսուցիչների աշխատավարձներն անփոփոխ են մնալու ու նաև նվազելու են` հաշվի առնելով, որ երեխաների թիվն էլ է նվազելու: Մասնավորապես, Երևան քաղաքի վարչական որոշ շրջաններում գործող երաժշտական դպրոցներում դաշնամուրային բաժնի գործող 2000 դրամ ամսավարձը բարձրանալու է 4 անգամ` հասնելով 8000 դրամի: Կարելի է հստակ կանխատեսել այս դպրոցի շենքի վաղվա ճակատագիրը. գեղեցկության սրահ կամ նման մի կառույց կլինի այդ տեղում ոչ հեռու ապագայում: Այսինքն` մեզ պետք չէ արվեստ, երգ ու երաժշտություն գնահատող սերունդ, մեզ պետք են առևտրականներ, գրպանահատներ ու թալանչիներ»,- գրել է Անժելա Պողոսյանը:

Պատասխանելով Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի պարզաբանմանը, թե ըստ նախագծի, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար սահմանվելու են արտոնություններ, Ա. Պողոսյանը գրել է. «Իսկ ո՞րն է Ձեզ համար անապահով ընտանիքի չափանիշը, թե՞ Ձեզ թվում է՝ եթե մարդիկ սովորական աշխատանքով իրենց երեխաներին ցանկանում են երաժշտական կրթությամբ ապահովել, ուրեմն միլիոնատերեր են և որքան էլ թանկացնեք, միևնույնն է կկոտորեն իրենց ու կվճարեն որևէ կերպ չարդարացված գումարը: Եվ, ինչու պիտի մարզից Երևան տեղափոխված ընտանիքը ավել վճարի: Դա ինչ անհասկանալի միտում ունեցող քաղաքականություն է»:

Շատերին զայրացնում է այն, որ նախագիծը «բարեփոխում» անունով են կոչել: «Թանկացումներին բարեփոխում անվանելը մեղք է։ Մի ասեք էդպիսի բաներ»,- արձագանքել է օգտատերերից Վանիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով` իր տղան դաշնամուրի համար, որպես երկրորդ գործիք, ամսական վճարում է 1.000 դրամ, սակայն, եթե դառնա 2.000, կհրաժարվեն։

Մարիամ Բադալյանն էլ կարծիք է հայտնել, որ այս նախագծով Երևանի քաղաքապետարանն ուղղակիորեն քանդում է այդքան դժվարությամբ աճեցրած «ծաղկանոցը», որի ծաղիկները մեր երեխաներն են. «Մարդիկ վարձով են ապրում, երեխաների համար մի կերպ հնամաշ գործիքներ են գնում, որ քաղաքապետարանն իր չմտածված քայլերով ավելի ծանրացնի նրանց առանց այն էլ ծանր բեռը... ամոթ, հազար ամոթ»:

Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ երաժշտական դպրոցներում վարձավճարների թանկացումից դժգոհ են նաև դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, պարզապես նրանք, հասկանալի պատճառներով, չեն բարձրաձայնում այդ մասին:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, մայրաքաղաքի երաժշտական դպրոցների մի խումբ ուսուցիչներ, որոնց խնդրանքով անուններ չենք նշում, դժգոհեցին, որ այս նախագծով հարված է հասցվում կրթություն ստացող երեխայի ապագային. «Առանց այն էլ ապրելը դժվարացել է, և այս պայմաններում փոխանակ խրախուսելու՝ խոչընդոտում են...: Զարմանում եմ, մի՞թե չեն հասկանում, որ ուսման վարձի թանկացումն ավելի է հեռացնելու երեխային դպրոցից»:

Մեր հարցին` հնարավո՞ր է այս նախագծով ուսուցիչների աշխատավարձերը բարձրանան, բացասական պատասխան տվեցին` նշելով, որ ամբողջ խնդիրն էլ հենց դրանում է. «Մի քանի օր առաջ այդ հարցն էինք բարձրացրել մեր տնօրենի մոտ: Փաստորեն, ոչ մի կոպեկ չի ավելանալու: Ով չի հասկանում, որ միտումնավոր են նման նախագիծ ուզում ընդունել... Եղածը քիչ է երևի, ուզում են ավելի հարստանալ, ավելի ճոխ դղյակներ կառուցել, Հայաստանով չեն բավարարվում, դուբայներում են արդեն ձգտում տներ ունենալ, ավելի շքեղ մեքնաներ վարել: Երևի նստել, հաշվարկ են արել և տեսել, որ քիչ է գնում գրպանները և մտածել են վարձ թանկացնել»,- վրդովված կարծիք հայտնեցին մի խումբ երաժշտական դպրոցի մասնագետներ:

Հիշեցնենք, որ Երևանում գործող երաժշտական դպրոցներում, 2018-ի հունվարի 1-ից ուսման վարձավճարը բարձրանալու է հատկապես այն երեխաների համար, որոնք չունեն Երևանի հաշվառում: Նշենք, որ վերջին անգամ, երաժշտական դպրոցներում վարձավճարը թանկացել էր 2016 թվականին: Հավելենք, որ այս նախագիծը քննարկման է դրվելու Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 26-ին:

| | |
5599 | 0