Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանի վարչապետը Սաուդյան Արաբիայի ճնշումների ներքո է կարդացել իր հրաժարականի տեքստը. New York Times-ի բացահայտումը

10:50, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Լիբանանի վարչապետը Սաուդյան Արաբիայի ճնշումների ներքո է կարդացել իր հրաժարականի տեքստը. New York Times-ի բացահայտումը

Ինչպես հայտնի է, այս տարվա նոյեմբերի 4-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, ով այդ ժամանակ պաշտոնական այցով գտնվելիս է եղել Սաուդյան Արաբիայում, այդ երկրի պետական հեռուստաընկերությամբ իր պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությամբ էր հանդես եկել: Ամերիկյան New York Times պարբերականն ուշագրավ բացահայտումներ է կատարել Հարիրիի՝ պաշտոնից հրաժարվելու անակնկալ որոշման մասին՝ նշելով, որ դա կատարվել է սաուդյան իշխանությունների ճնշման ներքո:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիա կատարած այցի 2-րդ օրը Հարիրիին վաղ առավոտյան կանչել են պաշտոնատար անձանց մոտ: Երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել վարչապետին՝ նրան հրելով ու վիրավորելով: Բացի այդ, նրանք վերցրել են Հարիրիի բջջային հեռախոսներն ու միայն մեկ թիկնապահի են թույլ տվել պաշտոնյայի կողքին մնալ:

Այնուհետև Հարիրիին են տվել նախօրոք գրված հրաժարականի տեքստն ու ստիպել սաուդյան հեռուստատեսությամբ ընթերցել այն:

Հայրենիքում, սակայն, թերահավատությամբ են վերաբերվել այս հայտարարությանը, նախագահ Միշել Նաիմ Աունը հրաժարվել է ընդունել վարչապետի հրաժարականը: Անակնկալ հայտարարությունից ժամեր անց Հարիրիին հաջողվել է կապ հաստատել նախագահի հետ, նա հասկացրել է, որ չի կարող ազատ խոսել: Այնուհետև Լիբանանի իշխանությունները փորձել են համոզել Արևմուտքին, որ Հարիրին Սաուդյան Արաբիայում բերման է ենթարկվել: Պարբերականի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում գտվելու ժամանակ վարչապետը եղել է տնային կալանքի տակ:

Դեռևս անհայտ է, թե Սաուդյան Արաբիայի իշխանություններն ինչ նպատակ են հետապնդել՝ նման քայլի դիմելով: Վարկածներից մեկի համաձայն՝ երկրի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն այդպիսով ցանկանում էր ընդդիմանալ տարածաշրջանային վաղեմի մրցակցին՝ Իրանին, որը սերտ դաշնակցական կապերի մեջ է Լիբանանի հետ:

Հիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի վերջին վերադարձել է Բեյրութ: Նախագահի հետ հանդիպելուց հետո նա հայտարարել է, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարել:

9106 | 0
Facebook