ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որոնք կողմ կքվեարկեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով դատապարտվում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին իր որոշումը: Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը վարչակազմի նիստի ժամանակ:
«Նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ են ստանում, նույնիսկ միլիարդավոր դոլարներ, որպեսզի մեր դեմ քվեարկե՞ն: Մենք կհետևենք այդ քվեարկությանը, թող փորձեն մեր դեմ քվեարկել: Այդ ժամանակ մենք կդիմենք տնտեսումների: Մեզ դա չի հետաքրքում»,- Թրամփի խոսքն է մեջբերում The Guardian-ը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստն այսօր է:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հաստատել է այդ դիրքորոշումն՝ ավելի քան 180 պետությունների դիվանագետներին նախազգուշական նամակներ ուղարկելով այն մասին, որ արաբական երկրների առաջարկած բանաձևի հարցով քվեարկության արդյունքները հաշվի կառնվեն:
Նամակում նաև ասվում է, որ Վաշինգթոնը «խնդրում է հաշվի առնել վաղեմի բարեկամությունն ու գործընկերային հարաբերություններն, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունը»: