Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թաթը գցեց, եղունգով մաշկս բացեց, ու մկաններս ճղրտելով ձեռքս քաշեց դեպի բերանը». Կենդանաբանական այգու աշխատակիցը պատմում է՝ ինչպես առյուծը հոշոտեց ձեռքը

13:30, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
«Թաթը գցեց, եղունգով մաշկս բացեց, ու մկաններս ճղրտելով ձեռքս քաշեց դեպի բերանը». Կենդանաբանական այգու աշխատակիցը պատմում է՝ ինչպես առյուծը հոշոտեց ձեռքը

Օրերս անդրադարձել էինք Երևանի Կենդանաբանական այգում տեղի ունեցած արտակարգ դեպքին, երբ առյուծը վնասել էր գիշատիչներին խնամող Վարդան Գրիգորյանի ձեռքը: Արտասովոր դեպքից երկու տարի անց` MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է Վարդան Գրիգորյանի հետ, ով ներկայացրել է իր հետ կատարվածի մանրամասները.
     «Կենդանու վանդակից դուրս միջանկյալ գոտի է, խնամողն այդ տարածքով կարող է գնալ-գալ, կենդանուն կերակրել, տարածքը հավաքել և այլն: Հաճախորդներից մեկը պլաստմասե շիշ էր գցել վանդակից ներս, մտածեցի՝ արագ վերցնեմ: Այդ օրը քննություն ունեի ու շտապում էի, այդտեղ էր սխալս. միջանկյալ գոտուց դեպի ձախ ձեռքս մոտեցրի, որ արագ վերցնեմ: Առյուծն ուղղահայաց դիրքով թաթը կարողանում է մոտ 10-15 սմ հանել դուրս, ու քանի որ զույգավորման շրջանն էր, որձն ավելի ագրեսիվ էր, եղունգով իմ համազգեստից քաշեց, բերանով բռնեց:
     Ես շատ տեսանյութեր էի տեսել, վիճակին կարողացա տիրապետել, գիտեի, որ ձեռքս հետ քաշեմ, ավելի վատ կլինի: Բայց մի պահ մտածեցի` ինձ տարիներ շարունակ ճանաչում է, կերակրել եմ, փորձեցի ձեռքս հետ քաշել և այդ մեծ վնասվածքն այդ ժամանակ եղավ: Ձեռքս հետ քաշելու պահին թաթը գցեց, եղունգով մաշկս բացեց ու մկաններս ճղրտելով քաշեց, ձեռքս արդեն ամբողջությամբ բերանի մեջ էր: Միանգամից ձեռքս թուլացրեցի, որ հասկանա՝ չեմ ուզում իր ուտելիքը ձեռքից տանեմ, մի երկու րոպե այդպես մնացի: Կարող էի գոռալ, մարդկանց օգնության կանչել, բայց գիտակցելով, որ ինքը կարող էր գոռալու ժամանակ սթրեսի ենթարկվել ու ավելի ագրեսիվանալ, ցավին մի կերպ դիմանալով քայլ չարեցի: Այդ պահին կողքիս մեկը կար, շատ հանգիստ տոնով ասացի` գնա, ասա, թող որևէ մեկը գա: Մեր փղին խնամողը` Գրիգորյան Գևորգը, ջրի խողովակը ձեռքը մոտեցավ: Քանի որ գիշատիչը ջրից ու կրակից է վախենում, միանգամից հույս արթնացավ: Նա մասնագիտորեն մոտեցավ՝ ջուրը պահեց կենդանու վրա, առյուծը բերանը բացեց, հետ գնաց, եթե բերանը փակած հետ գնար, ձեռքս պիտի պոկեր, տաներ:
     Այդ ողջ ընթաքում իմ գիտակցությունը լիարժեք տեղն էր: Երբ հասանք հիվանդանոց, մուտքից ներս արդեն ոչինչ չէի հիշում: Բժիշկների ասելով՝ մեկ լիտրից ավելի արյուն էի կորցրել, արդեն ինքնաբերաբար հիշողության կորուստ էր սկսվել, ուշագանց էի եղել: Մինչև այդ ուզում էի ինձ այնպես պահել, որ պինդ մնամ, իրավիճակին ճիշտ տիրապետեմ ու հանկարծ ուշագնացություն չլինի:
     Վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում էի, երբ արթնացա, մի ժամ չանցած բուժքույրերն ասացին՝ բժիշկը եկավ, բժիշկը եկավ ... բոլորը խառնվեցին իրար, ինքս իմ մեջ մտածեցի` տեսնես ո՞վ է բժիշկս, երևի էստեղ էլ բախտս չբերեց... բայց պարզվեց նա կատարելագործված բժշկուհի է: Ես անչափ շնորհակալ եմ իմ բժիշկներին` Թեհմինե Ասատրյանին և Գևորգ Եղջյանին

«Թաթը գցեց, եղունգով մաշկս բացեց ու մկաններս ճղրտելով ձեռքս քաշեց դեպի բերանը». Կենդանաբանական այգու աշխատողը պատմում է՝ ինչպես առյուծը հոշոտեց ձեռքը
«Թաթը գցեց, եղունգով մաշկս բացեց ու մկաններս ճղրտելով ձեռքս քաշեց դեպի բերանը». Կենդանաբանական այգու աշխատողը պատմում է՝ ինչպես առյուծը հոշոտեց ձեռքը

Մոտ 45 օր մնացել եմ հիվանդանոցում, նրանք հարազատի նման խնամել են ինձ: Թեհմինեն ինձ ոչ մի րոպե վերահսկողությունից բաց չի թողել, անգամ, եթե ես եմ մոռացել, ինքն է շատ բաներ զանգել ու հիշեցրել, որ պարբերաբար ձեռքս նկարեմ, մասաժները չմոռանամ:
     Առաջին վիրահատությունից հետո ձեռքիս վրա բացվածքներ էին մնացել, որոշ ժամանակ անց 2-րդ վիրահատությունն արվեց, ոտքերիցս կաշի հանեցին և բացվածքները փակեցին»:
     Այս ողջ ընթացքում Վարդանին ամենաշատ տրված հարցերը եղել են` վախեցե՞լ ես, և կվերադառնա՞ս այգի աշխատելու, թե՞ չէ... «Ես այդ ընթացքում վախենալու ժամանակ էլ չեմ ունեցել, որովհետև մասնագիտորեն էի մտածում, ինչպես անեմ` ավելի էժան վերջաբան ունենալու համար»,- ասում է Վարդանն, ով մինչ մասնագիտությունն ընտրելն արդեն գիտակցում էր՝ ինչ կենդանու հետ գործ ունի: «Դա համարվում է աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը. այդ ամենը գիտակցելով ես համաձայնել եմ»:
     Դեպքից հետո էլ ոչինչ չի փոխվել, մոտ 7 ամսվա տևական դադարից հետո Վարդանն առաջվա նման շարունակում է աշխատել Երևանի Կենդանաբանական այգում:

«Թաթը գցեց, եղունգով մաշկս բացեց ու մկաններս ճղրտելով ձեռքս քաշեց դեպի բերանը». Կենդանաբանական այգու աշխատողը պատմում է՝ ինչպես առյուծը հոշոտեց ձեռքը
«Թաթը գցեց, եղունգով մաշկս բացեց ու մկաններս ճղրտելով ձեռքս քաշեց դեպի բերանը». Կենդանաբանական այգու աշխատողը պատմում է՝ ինչպես առյուծը հոշոտեց ձեռքը

«Շատերն ինձ ասում էին` գնա, կրակիր առյուծին կամ թույն տուր, թող սատկի, ես բացատրում էի, որ կենդանին գիտակցաբար չի արել, ինքը գիշատիչ է և իր բնազդով է շարժվում, նրան վնասելն անիմաստ է»,- պատմում է Վարդանը:
     «Մարդիկ եղան, ովքեր չարախոսում էին, ասում էին` «չեպե» ես արել, քեզ պետք է հեռացնեն, բայց մեր տնօրենը` Ռուբեն Խաչատրյանը մինչ օրս ըմբռնումով է մոտենում, ամեն հարցում ինձ աջակցել է, հոգատար վերաբերմունք ցուցաբերել»,- պատմում է Վարդանն, ով Արցախում ծառայելու տարիներին լուրջ վնասվածք է ստացել: «Ականը պայթել է, ողնաշարի գլխավոր ներվի 3-րդ կարգի հաշմանդամություն ունեմ»:
     Վարդանը պատմում է, որ երբ նոր էր դեպքը պատահել, գործընկերները մեկ շաբաթ շարունակ սթրեսի մեջ էին. «Ես էլ կատակով ասում էի` բացի ինձնից բոլորդ վախեցել էիք: Հիմա այդ ամենը կատակի ենք վերածում»:
     Երկու տարի է անցել այդ օրից, Վարդանի ձեռքը լիարժեք աշխատում է. «Մինչև 50 կգ ծանրություն կարող եմ վերցնել: Հիմա նյարդերն էլ լիարժեք բուժվել են, ձեռքս նախկինի պես է, միայն վրայի սպիներն են մնացել: Շուտով, երևի 2018-ի հունվարին, վերջին` պլաստիկ վիրահատությունը կարվի, որից հետո այդ սպիներն էլ կվերանան»:

«Թաթը գցեց, եղունգով մաշկս բացեց ու մկաններս ճղրտելով ձեռքս քաշեց դեպի բերանը». Կենդանաբանական այգու աշխատողը պատմում է՝ ինչպես առյուծը հոշոտեց ձեռքը
«Թաթը գցեց, եղունգով մաշկս բացեց ու մկաններս ճղրտելով ձեռքս քաշեց դեպի բերանը». Կենդանաբանական այգու աշխատողը պատմում է՝ ինչպես առյուծը հոշոտեց ձեռքը

     Թվում էր, թե Վարդանի մայրիկին այս լուրն ամենից շատ կցնցեր, բայց մայրը բժշկուհի է և նա նույնպես մասնագիտորեն է մոտեցել հարցին` առանց իրեն կորցնելու: Ընտանիքում միայն հայրը բժիշկ չէ, նրան էլ վերջում են լուրը հայտնել: Այդ ընթացքում, երբ լուրը մամուլում տարածվել է, բարեկամները մտածել են, թե Վարդանը մահացել է. «Բոլորը եկել էին մեր տուն` մտածելով, որ մայրս օգնության կարիք ունի, բայց մի բան էլ մայրս է սկսել նրանց հուսադրել...»:


     Զրուցեց` Անի Մնացականյանը

35964 | 1
Facebook