Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը պահանջում է 250 մլն դոլարով կրճատել ՄԱԿ-ի բյուջեն

11:45, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը պահանջում է 250 մլն դոլարով կրճատել ՄԱԿ-ի բյուջեն

Միացյալ Նահանգները պահանջում է ՄԱԿ-ից 2018-2019թթ. բյուջեն կրճատել 250 մլն դոլարով, հայտնում է Agence France Presse-ը: Նշվում է, որ կրճատումները կարող են վերաբերել Պաղեստինում, Լիբիայում և Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելություններին:

Աղբյուրը նկատում է, որ ամերիկյան կողմի առաջարկած կրճատումները կարող են հանգեցնել կազմակերպության զարգացման ծրագրերի ու նոր աշխատակիցների վարձման դադարեցմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմի աշխատավարձերի կրճատմանը: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ այժմ պատրաստ են ֆինանսավորումը կրճատել առնվազն 170 մլն դոլարով:

Հայտնի է, որ ՄԱԿ-ի 2018-2019թթ. բյուջեն պետք է հաստատվի մինչև տարեվերջ: Կազմակերպությունն իր ծախսերի համար 5.45 մլրդ դոլար է պահանջում, ինչը 200 մլն դոլարով քիչ է 2016-2017թթ. բյուջեից:

ՄԱԿ-ի բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների վճարների արդյունքում: Յուրաքանչյուր երկիր վճարում է գումար՝ ելնելով ՀՆԱ-ի, արտաքին պարտքի ու բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամտի չափի ցուցանիշներից:

Ներկայում ՄԱԿ-ի շրջանակում ամենախոշոր գումար վճարող երկիրն ԱՄՆ-ն է:

10189 | 0
Facebook