Գավառում դանակահարել են 34-ամյա տղամարդու. մանրամասներ՝ քրեական գործից
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. առաջադրվել է մեղադրանք: 2017 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04:22-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածք, ձախ ազդրի ստորին երրորդականի կոտրվածք ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչը՝ ծնված 1983թ.: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, տղամարդը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1988թ.: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: |