Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե յուրայինները երբևէ պատժվել են, ապա՝ մասնաբաժին չտալու համար, ինչպես եղավ Վազգեն Խաչիկյանի կամ Մարգար Օհանյանի դեպքում». Արամ Հարությունյանը՝ նախագահի ելույթի մասին

15:40, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Եթե յուրայինները երբևէ պատժվել են, ապա՝ մասնաբաժին չտալու համար, ինչպես եղավ Վազգեն Խաչիկյանի կամ Մարգար Օհանյանի դեպքում». Արամ Հարությունյանը՝ նախագահի ելույթի մասին

«Սերժ Սարգսյանի մոտ պարբերաբար նման մտքեր առաջանում են: Եթե ժամանակին նա Տիգրան Սարգսյանին ասում էր` պետք է գլխից բռնել, ապա, հիմա, նա միանգամից իջավ ավելի ներքև, և փաստորեն, ուզում է ոտքերից բռնել: Անկախ ամեն ինչից, մենք հասկանում ենք, որ Հայաստանում բոլոր խնդիրները մեկ շղթայով են կապված` սկսած ներքևից մինչև վերև և ինքը շատ լավ է տեղեկացված, թե որտեղ ինչ է արվում: Եվ այդ համայնքապետերն ընտրական նույն կեղծարարներ են, համենայնդեպս, նրանց ձեռքով է արվել ամեն ինչ, ուղղակի ինքն աչք է փակել այն ժամանակ, կամ էլ շատ լավ տեղյակ լինելով ամեն ինչից` իր շահն է կարևորել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Տեղական ինքնակառավարման խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի` համայնքապատերին ուղղված պարսավանքի խոսքերին, կարծիք հայտնեց «Ազգային համաձանություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Այս ելույթն, իմ կարծիքով, ընդամենը նախընտրական շոու է` ցույց տալու համար, որ տեսեք` ես այդքան մտահոգ եմ և ուզում եմ ամեն ինչ դնել իր տեղը: Բայց, ես համոզված եմ, որ արդյունքում ոչինչ չի փոխվելու, որովհետև այդ գյուղապետերն ու համայնքապետերը հասկանում են, որ Սերժ Սարգսյանը տոկոս խփելուց պարտական է իրենց»,- շարունակեց Ա. Հարությունյանը` կարծիք հայտնելով, որ «Գելափի» հարցումների ֆոնի վրա փորձ է արվում ցույց տալու, որ ժողովուրդը Ս. Սարգսյանի հետ հույսեր է կապում: «Մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանում բոլորը գիտեն` ով ինչով է զբաղված, ով ինչ եկամուտ ունի: Եվ Ս. Սարգսյանը մի դեպքում է վատ զգում, երբ որ իրեն գցում են ֆինանսապես: Հիմա, երևի, տեղ չեն հասել ինչ-որ բաներ... Թե տեղական մարմիններն ինչով են զբաղված, իրավապահները շատ լավ գիտեն` հասցնում են, էնպես որ, նա լավ գիտի, թե ում կարելի է դատել, ում` ոչ: Իսկ դրանք ընդամենը հերթապահ խոսքեր են, թեմա էր, որ պիտի բացեր և նպատակը, կրկնում եմ` ցույց տալ, թե Սերժ Սարգսյանը չգիտեր այդքան բան, կամ, եթե գիտեր էլ, այսուհետ շատ խիստ է լինելու, պատժելու է և այլն: Էն ինչը, որ ինքն ասում է, ասել է տարբեր առիթներով և ոչ մի նոր բան չկար...»,- ասաց մեր զրուցակիցը:

Արամ Հարությունյանը հիշեց, որ Ս. Սարգսյանը իշխանության մեջ է եղել դեռևս 1993 թվականից և անցել բոլոր ոլորտներով: «Այնպես չէ, որ նա նոր է հայտնաբերում, թե ինչ է կատարվում: Ինչ էլ որ կատարվել է, ապա` իր գիտությամբ, և յուրայինները չեն պատժվել մինչև հիմա: Եթե պատժվել են` ապա մասնաբաժին չտալու համար, ինչպես եղավ Վազգեն Խաչիկյանի կամ Մարգար Օհանյանի դեպքում»,- եզրափակեց «Ազգային համաձայնության» կուսակցության նախագահը:

5881 | 2
Facebook