Թուրքիայի քաղաքացիները հերքել են 2017թ. սեպտեմբերին Արցախ այցելելու համար իրենց նկատմամբ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունները:
«Ադրբեջանի կողմից սկսած հետաքննության շրջանակներում մենք հարցում ենք ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարությանը: Այդքանով ամեն ինչ վերջացել է: Մեր հանդեպ քրեական գործ չի հարուցվել և մեզ չեն հարցաքննել Արցախ այցելելու համար»,- նրանց խոսքն է մեջբերում «Ակօս» պարբերականը:
Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիները նաև նշել են, որ նամակ են ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը, որում բացատրել են այցի պատճառները:
«Նամակում մենք ներողություն չենք խնդրել Ադրբեջանից, մենք միայն հայտնել ենք, որ հաճախ ենք այցելում հակամարտությունների գոտիներ: Մենք չենք գրել «ներողություն» բառը, ինչպես մեզ խնդրել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն»,- ասել են նրանք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Արցախ այցելելու համար Թուրքիայի 4 քաղաքացու՝ քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, գրող Սայիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջիօղլուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: