Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Աղետից շուրջ 30 տարի անց, պարտավոր ենք դուրս շպրտել ներքին թշնամուն և աղետի գոտուց դառնալ զարգացման տարածաշրջան». «Երկիր ծիրանի»

11:55, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
«Աղետից շուրջ 30 տարի անց, պարտավոր ենք դուրս շպրտել ներքին թշնամուն և աղետի գոտուց դառնալ զարգացման տարածաշրջան». «Երկիր ծիրանի»

1988 թվականը հայ ազգի նորագույն պատմության մեջ դարձավ բեկումնային: Մեր հայրենի հողի ցնցմանը զուգահեռ, որն ավերեց մեր հայրենի քաղաքներն ու գյուղերը, մենք՝ հայերս, ապրեցինք ազգային ցնցում, մտքի և սրտի ցնցում, որը նոր սկիզբ դրեց մեր ազգային ազատագրական շարժմանը:
     Գրեթե բոլորի համար անսպասելի 1988-ը նաև ազդարարում էր նոր աշխարհակարգի հիմնադրում` բեռլինյան պատի քանդում, հայոց անկախության վերականգնում և աշխարհի նոր քաղաքական քարտեզի ձևավորում:
     Համաշխարհային պատմության այս շուրջ 30 ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները մենք դիմավորեցինք`
    
     -Սպիտակի երկրաշարժի պատճառած ահռելի կորուստներով,
     -Խորհրդային Միության կենտրոնական իշխանության ազդեցության նվազեցմամբ, ապա ընդամենը երկու տարի անց նաև վերացմամբ,
     -Խորհրդային Միության հանրապետությունների հետ հիմնական տնտեսական կապերի խզմամբ,
     -Ադրբեջանի կողմից հայաշատ Բաքվի և այլ քաղաքների հայաթափմամբ ու հայերի նկատմամբ ցեղասպանության իրականացմամբ:
    
     1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11 անց 41 րոպե, Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքի մոտ, տեղի ունեցավ մեր հայրենի հողի ցնցում, որի ուժգնությունն էր` 10-ը բալ, հիպոկենտրոնի խորությունը` 10-ը կմ, գլխավոր ցնցման տևողությունը` 35-45 վայրկյան: Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը կազմել էր 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը` 2մ:
     Աղետի պատճառած վնասների բնութագիրը հետևյալն էր` վնասի գոտու մակերեսը - 10000 քառակուսի կիլոմետր‚ ուր ապրում էր 1 միլիոն մարդ, ավերվել էր 11 քաղաք և 58 գյուղ, անօթևան էին մնացել 514000 մարդ:
     Մարդկային կորուստների նկարագիրը հետևյալն էր` ընդհանուր զոհերի թիվը կազմում էր ավելի քան 25000, փլատակներից հանվել էր կենդանի` 45000 մարդ, հոսպիտալացվել էր` 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել էր 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը Հայաստանից դուրս Խորհրդային Միության առողջարաններ։
     Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել էր 10 միլիարդ դոլար: Աղետից պատճառված վնասի հետևանքները մի քանի անգամ գերազանցեցին ուղիղ նյութական կորուստները, որը 29 տարի անց շարունակում է ի ցույց դնել աղետի գոտու պատկերը:
     Այսպիսի կորուստներով, առանց ազգային զինված ուժերի, մեկնարկային 29 հազար քառակուսի կիլոմետր պետության տարածքով, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ներքո, հայ ազգը մուտք գործեց նոր աշխարհակարգ, որը պետք է կոչվեր հետխորհրդային` հետ սառը պատերազմյան շրջան:
     Այսպիսի կորուստների հետ մեկտեղ՝ հայ ազգն ապրում էր ոգու ցնցություն, իսկ նրա լավագույն և հեռատես հատվածը դրսևորում քաղաքական իմաստություն և կամք: Հայ ազգը ցնցվում էր` նրա հոգին ալեկոծում էր ազատության և արդարության տենչ: Հայտարարվեց ազգային զինված ուժեր` պաշտպանական բանակ ունենալու անհրաժեշտությունը և այն կյանքի կոչվեց: Հայտարարվեց, որ Արցախը Հայաստան է և վերջ , որը ևս կյանքի կոչվեց:
     Քաղաքական իմաստության վերը նշված դրսևորումները բեկումնային դարձան հայ ազգի համար, սակայն բեկումային ընթացքը կասեցվեց տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ հետխորհրդային աշխարհաքաղական քարտեզի ձևավորման շուրջ համաշխարհային պայմանավորվածություններն էին և ազգային քաղաքական վերնախավի դավադիր գործունեությունը:
     Այսօր կրկին մտել ենք պատմական նոր շրջափուլ, նորից տեղի են ունենում պետությունների փլուզում, նորից մեր դարավոր թշնամին պատերազմ է հայտարարում և կրկին ձեռք են բերվում համաշխարհային պայմանավորվածություններ: Այս շրջափուլ մենք մտել ենք ունենալով հրաշք հայրենիք՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր պետականությամբ, որը ցավոք, նման է աղետի գոտու: Հայրենիք, որից գաղթել է շուրջ 1,5 միլիոն մարդ: Հայոց պետականություն, որի արտաքին պարտքը հասնում է շուրջ 10 միլիարդ դոլարի: Բնակչության ծերացած հատվածը հատել է ճգնաժամային 7%-ի սահմանը՝ հասնելով 11%-ի և շուրջ 1 միլիոն մարդ գտնվում է աղքատության մեջ:
     Իհարկե, այս աղետալի վիճակագրությունը չի կարող դառնալ արգելք նոր աշխարհակարգի ձևավորման շրջանում հայ ազգի քաղաքական հայտի համար, քանի որ կրկին մենք պետք է ապրենք ոգու ցնծություն` կրկին պետք է վերածնվենք և վերագտնենք մեզ մեր հայրենիքում:
     Աղետից շուրջ 30 տարի անց, պարտավոր ենք կրկին մտցնել բեկում, պարտավոր ենք դուրս շպրտել ներքին թշնամուն, պարտավոր ենք աղետի գոտուց դառնալ զարգացման տարածաշրջան:
     Երկրաշարժը` հողի ցնցումը և նրա հետևանքով առաջացած աղետը, տարածվում է բոլորի նկատմամբ, այն չի ճանաչում բարեկամ կամ թշնամի: Սակայն ոգու և մտքի երկրաշարժը տարածվում է ընտրված անձանց նկատմամբ, այդ ցնցումը ի զորու է տապալել ցանկացած թիրախ ընտրած թշնամուն ու թշնամական համակարգը:
     Ազգային դիմադրությունը, ապօրինությունների ու անարդարության դեմ ընդվզումը և ներքին թշնամուն չհանդուրժելը երկրաշարժ է` ցնցում, որի արդյունքը բեկումն է` հաղթանակը:
     Այսօր հայ ազգին անհրաժեշտ է ապրել երկրաշարժ` սրտում և մտքերում:
     Սրտի և մտքի երկրաշարժով` հեղափոխությամբ, միայն հնարավոր է հաղթահարել, և՛ մայրենի հողի ճեղքվածքով առաջացած աղետը, և՛ ներքին թշնամու գործունեության հետևանքով առաջացած աղետը: Սրտի և մտքի երկրաշարժն է թույլ տալու գրավել բարձրունքներ և ազատագրելու մեր հայրենիքը և՛ներքին, և՛ արտաքին թշնամուց:

2394 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am