Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե դուք դեմ եք փողով բանակից ազատմանը, հիմա ինչո՞ւ եք բարձրացնում անհրաժեշտ վճարվելիք գումարի շեմը». Է. Մարուքյանը` ՊՆ-ին

16:30, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
«Եթե դուք դեմ եք փողով բանակից ազատմանը, հիմա ինչո՞ւ եք բարձրացնում անհրաժեշտ վճարվելիք գումարի շեմը». Է. Մարուքյանը` ՊՆ-ին

«Այն, որ օրենքը չի կարող այսպես շարունակ երկարացվել, դա փաստ է, բոլորս հասկանում ենք, որ այլևս այսպես շարունակել չի կարելի: Այն, որ ունենք մոտ 11 հազար արական սեռի ներկայացուցիչներ, որոնք հետախուզման մեջ են, դա էլ է փաստ: Այն, որ ՊՆ նախարարը ԱԺ ամբիոնից ասաց, որ բարոյական չէ փողով բանակից ազատվելու այդ համակարգը, դա պետք է հանվի, բայց հետո ՊՆ-ն եկավ ասաց՝ փողը քիչ է, եկեք ավելացնենք, դա ինձ համար անհասկանալի է։ Եթե դուք դեմ եք փողով բանակից ազատմանը, հիմա ինչո՞ւ եք բարձրացնում անհրաժեշտ վճարվելիք գումարի շեմը»,- ԱԺ-ում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ լավ օրից չէ, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ դրսում են:

«Այնպես չէ, որ նրանք այնտեղ շատ լավ են ապրում ու կարողանալու են այդ գումարները վճարել: Ճիշտ է, որ հիմա բարձրացվի այդ գումարը, նրանք կվճարեն և քրեական հետապնդումը կդադարեցվի, պահեստազորում կհաշվառվեն։ Ես մի առաջարկ ունեմ՝ քննարկեք. այս 11 հազար ՀՀ քաղաքացիների համար մենք պետական մոտեցում ունենանք: Ասենք` պետությունը ձեզ ներում է, փող մեզ պետք չէ, եկեք ձեր երկիր, դադարեցնում ենք քրեական հետապնդումը, փակում ենք գործերը: Թող գան էդ 11 հազարը Հայաստանի Հանրապետություն, այս օրենքը դադարեցնենք այլևս չերկարաձգենք: Մենք ավելի շատ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, քան փողի: Մենք այդ երիտասարդների կարիքն ունենք, ես խնդրում եմ, պարոն փոխնախարար, քննարկման առարկա դարձնել այս առաջարկությունը»,- ասաց նա:

ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչև 26 տարեկանը գալիս են Հայաստան, նրանցից ոչ մի կոպեկ չի գանձվելու, նրանք գնալու են բանակ՝ ծառայելու: Իսկ այն քաղաքացիները, որոնք շարքային կազմում են և ունեն 2 երեխա, նրանք արդեն ունեն հիմք զինծառայությունից ազատվելու: Ովքեր ունեն առողջական խնդիրներ, կապ չունի ինչքան են խուսափել, խուսափած զորակոչերի համար վճարում են, դրանից հետո ազատվում են բանակից՝ օրենքով»:
     Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ արդեն 9-րդ անգամ են օրենքում փոփոխություն կատարում և առաջարկում են ժամկետը երկարացնել ու 27 տարին լրացած տղաներին թույլ տալ վճարում կատարելու դեպքում քրեական հետապնդումից ազատվել:

Արտակ Զաքարյանն էլ հավելեց, որ բանակից խուսափելու ծրագրեր ունեցող մարդկանց հնարավորություն չտալու համար առաջարկում են օրենքը ինչ-որ ժամանակ անց դուրս գա իրավական համակարգից: Նա ասաց, որ իսկապես շատ քաղաքացիներ սպասում են դրսում այս օրենքի ընդունմանը, բայց նրանց պետք է ասվի՝ հարգելի քաղաքացիներ սա վերջին հնարավորությունն է, մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը օգտվեք ձեր այս հնարավորությունից՝ հաշվառվել և մուծումներով ձերբազատվել պատասխանատվությունից:
     Հիշեցնենք` բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:

2480 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am