Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«560 բնակավայրերի կստիպեն դնել ջրաչափեր ու վճարել սարերից բխող աղբյուրներից օգտվելու համար». ՀԲՃ անդամ

13:30, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
«560 բնակավայրերի կստիպեն դնել ջրաչափեր ու վճարել սարերից բխող աղբյուրներից օգտվելու համար». ՀԲՃ անդամ

Օրեր առաջ, ջրային համակարգում բարեփոխումներին առնչվող հարցերի շուրջ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքում մաքրման կայանների ներկա վիճակին և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկություններին, ոռոգման համակարգերը մասնավոր կառավարման փոխանցելու նպատակով կատարվող նախապատրաստական աշխատանքներին: Ներկայացվել են նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերի հետագա կառավարման հանձնելու նպատակով կատարված աշխատանքները:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը կայացած քննարկման վերաբերյալ «Ֆեյսբուք»-ում գրառում է արել. «Վերջերս խոսվում էր, որ Հայաստանի շատ բնակավայրերում կա խմելու ջրի խնդիր և պետք է այդ հարցին լուծում տրվի։ Եվ ահա չուշացավ ՀՀ կառավարության այս «հանճարեղ» գաղափարը»:

ՀԲՃ անդամն անդրադարձել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերի հետագա կառավարման հարցին` նշելով, որ կառավարությունում որոշել են ոչ թե խմելու ջրի հարցը լուծել, այլ ուղղակի հանձնել դա ջրի խայտառակ կառավարում իրականացնող մասնավոր ընկերությանը, որի ցանցում կորուստները 76% են կազմում։
     «Ասածս ինչ է․ այդ բնակավայրերի մեծ մասն ունեն իրենց խմելու աղբյուրները և ձրի օգտվում էին դրանցից։ Այդպիսի բազմաթիվ գյուղերում եմ եղել անձամբ և տեսել այդ պատկերը։ Հիմա դա կհանձնեն մասնավորին, և, ըստ էության, ոչ մի բան չի փոխվի, բայց կստիպեն դնել ջրաչափեր ու վճարել սարերից բխող աղբյուրներից օգտվելու համար»,- գրել է Լ. Գալստյանը:
     Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն անդրադառնալով 560 բնակավայրերի հարցին, նշել է, որ այո, շատ գյուղերում թեև աղբյուրներ ու ջրհորեր կան, սակայն կան նաև այնպիսիները, որտեղ տարածքն ամբողջովին անջրդի է և գյուղացիներն ստիպված մեքենայով են ջուրը բերում: «Այն գյուղերում, որտեղ ես եմ եղել, թեև եղել է ջրի աղբյուր կամ ջրհոր, սակայն չի եղել ներքին ցանց, չի եղել ջրամաքրման կայան, էլ չասեմ ջրահեռացման ցանց: Մարդիկ այդ ձրի աղբյուրից ամեն օր երկու ժամ դույլերով ամառ-ձմեռ ջուր են կրել: Որպես կանոն, այդ աղբյուրը կամ ջրհորը եղել է գյուղամեջում կամ հարևանի տանը կամ սարի գլխին: Ընդ որում, այդ ջուրը ոչ մի գյուղում չի համապատասխանել որակական չափանիշներին: Այցելել եմ 5 գյուղ և հարցրել եմ` արդյոք պատրա՞ստ են վճարել ջրամատակարարման ծառայության համար, ինձ հանդիպած մարդկանց մեծ մասն ասել է, որ պատրաստ է, որովհետև հոգնել են ջուր կրելուց»,- Լևոն Գալստյանի գրառմանն արձագանքել է Լենա Նազարյանը:

3732 | 1
Facebook