Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Դավիթ Խաժակյանը` քաղաքապետարանի վերելակի վերանորոգման համար հատկացվող 78 մլն դրամի մասին

17:05, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Դավիթ Խաժակյանը` քաղաքապետարանի վերելակի վերանորոգման համար հատկացվող 78 մլն դրամի մասին

Երևանի քաղաքապետարանն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2018թ. բյուջեի նախագիծը, որից տեղեկանում ենք, որ շուրջ 78 միլիոն 934 հազար դրամ նախատեսվել է քաղաքապետարանի վթարային վերելակը նորով փոխարինելու, ինչպես նաև շահագործման ժամկետը սպառած հովացման համակարգի ձեռքբերման և տեղադրման համար:

MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ` խնդրելով գնահատական տալ քաղաքապատարանի կողմից իրականացվող ծախսերին, տարբեր ծրագրերի համար հատկացվող գումարներին ու դրանց կարևորությանը, միաժամանակ փորձել հասկանալ` սոցիալական բազմաթիվ խնդիրների պարագայում, վերելակի հարցը մի՞թե այդքան հրատապ էր:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենք հարցի վերաբերյալ պարզաբանում են ստացել քաղաքապետարանից, որում տեղեկացվում է, որ 78 միլիոն դրամի այդ ծախսային դրույթը ներառում է քաղաքապետարանի շենքում առկա վթարային վերելակի և օդափոխման համակարգի նորով փոխարինմանը: «78 միլիոն դրամի էական մասը տրամադրվում է օդափոխման համակարգը նորով փոխարինելուն, քանի որ պնդում են, որ այն, շենքի շահագործման պահից ի վեր, երբևէ չի փոխվել, և, ըստ էության, ոչ բարվոք վիճակում է գտնվում: Այս մասով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ծանոթ չեմ համակարգի տեխնիկական վիճակին, բայց վերելակի մասով կարող եմ ասել, որ քաղաքապետարանում ներկայումս գործում է երեք վերելակ և խոսքը գնում է չորրորդ վերելակի մասին, որն, ըստ ԱԻՆ-ի, բացասական եզրակացություն է ստացել, գտնվում է վթարային վիճակում և, ըստ էության, չի շահագործվում: Եվ 78 միլիոնի մոտավորապես 25 միլիոնը պետք է տրամադրվի նոր վերելակի գնման համար: Եթե նայեք այն տեսանկյունից, թե արդյոք 1 վերելակի համար դա նորմա՞լ արժեք է, գուցե, այո, շատերի համար նորմալ է: Հրատա՞պ է արդյոք այս խնդիրը մյուս խնդիրների նկատմամբ, ես կարծում եմ, որ ոչ, որովհետև երկար ժամանակ այդ վերելակն այդպես եղել և մնացել է և, առհասարակ, կարելի է քննարկել` իմաստ ո՞ւնի այլևս այն վերանորոգել, թե ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր հարցին` արդյոք այդ վերելակի անհրաժեշտությունը շա՞տ մեծ է, Դ. Խաժակյանը մանրամասնեց. «Քաղաքապետարանն իր հիմնական շքամուտքում ունի երկու վերելակ, որոնք, ըստ էության, նույն ուղղությունն են սպասարկում: Խոսքը գնում է քաղաքապատերանի ձախ ծայրի վերելակի մասին, որը չի գործում, այսինքն` մի վերելակը մեջտեղում է, մյուսն էլ, որը նախատեսված է ձախ ծայրի համար, վթարային վիճակում է: Ես կարծում եմ, որ մյուս խնդիրների ֆոնին այս խնդիրը, բնականաբար, կարելի էր թողնել հաջորդ տարիների վրա: Եվ ասեմ ավելին` պարտադիր չէր, որ 2018-ին դա անպայման վերանորոգվեր, նույնիսկ, եթե նույն գումարը պիտի տրամադրվեր, կարելի էր ամեն տարվա բյուջեից որոշակի գումար հատկացնել, որպեսզի ամեն տարվա բյուջեի վրա այդքան մեծ բեռ չլիներ և այդ մեծ ծախսը միանագմից չարվեր»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով, թեև, իրականում, այդ 78 մլն դրամը, որը ծախսվում է քաղաքապետարանի վրա, «աչք է ծակում», սակայն կան բազմաթիվ այլ դրույթներ և ծախսեր, որոնք, իրապես, «մեծ անարդարություն» են իրենցից ներկայացնում, և, ըստ էության, անարդյունավետ են:

«Օրինակ, կան ծախսեր, որոնք իրենցից ոչ մի դրական և լավ բաներ չեն ներկայացնում: Խոսքը վերաբերում է ավագանիների ասոցիացիային տրամադրվող նվիրատվությանը քաղաքապետանի կողմից: Տարեկան 11 մլն դրամ քաղաքապետանը տալիս է մի կառույցի, որը փաստացի չի գործում և որի նախագահն է «Հանրապետական» խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը: Ամեն տարի այդքան գումար տրվում է իրենց և իրենք դրա դիմաց ոչինչ չեն անում: Օրինակ, ծախսային մի հոդված էլ կա, որով շուրջ 17 մլն դրամ տրվում է աղբահանության վճարների կտրոններին: Պատկերացրեք, որ մենք դեռ այնպիսի հետամնաց վիճակում ենք աղբահանության վճարների, և ոչ միայն, նաև գույքահարկի վճարների հավաքագրման մասով, որ դրանց համար կտրոններ ենք տպում, որոնցով էլ կանխիկ գանձում է իրականացվում: Կանխիկ գանձումը ևս իրենից առաջացնում է այլ ռիսկեր: Եվ կարող եմ ասել` առ այսօր գույքահարկի, այսպես ասած` ավտոմատ գանձման համակարգ դեռևս չկա, կամ` ինչ էլ որ կա, ամբողջովին չի գործում և առձեռն է իրականացվում: Եվ այդ հավաքագրմանը ծախսվում է շուրջ 450 մլն դրամ, որը շատ մեծ գումար է կազմում ընդհանուր քաղաքային բյուջեի մեջ»:

1760 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am