Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ինչպիսի ձմեռ է սպասվում Հայաստանում

16:30, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Ինչպիսի ձմեռ է սպասվում Հայաստանում
     «Դեկտեմբերին, հունվարին և փետրվարին, եթե վերցնենք ամսական կտրվածքով, և´ ջերմաստիճանը, և´ տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում: Բայց ամսական միջին ջերմաստիճանը դեռ պատկերացում չի տալիս հասկանալու՝ այդ ամիսը կլինի տա՞ք, թե՞ ցուրտ: Կովկասի տարածքում ձմռան երեք ամսիներին տեղի է ունենալու մթնոլորտի ակտիվ շրջանառություն: Լինելու են ժամանակահատվածներ, որ Հայաստանի տարածքը գտնվելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների գոտում, լինելու են օրեր, որ գտնվելու է համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում»,- այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
    
     Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք և Վայոց ձորի նախալեռնային գոտիներ
    
     Տաք օդի ներթափանցման դեպքում ջերմաստիճանն առանձին ժամանակահատվածներում կարող է բարձրանալ և հասնել +8-ից +10 աստիճանի: Կլինեն ժամանակահատվածներ, որ արտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի մինչև -22-ից -24 աստիճան:
    
     Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, Կոտայք և Վայոց ձորի լեռնային գոտիներ
    

     Տաք օդի ներհոսքի դեպքում ջերմաստիճանը կհասնի 0-ից +5 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ ճակատների անցման ժամանակ՝ մինչև -25-ից -30 աստիճանի:
    
     Լոռու մարզ
    

     Տաք օդի ներհոսքի դեպքում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կարող է հասնել +5-ից +10 աստիճանի, իսկ ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում՝ մինչև -22-ից -27 աստիճանի:
    
     Տավուշի մարզ
    
     Առանձին օրերին տաք օդի ներհոսքի ժամանակ ջերմաստիճանը կբարձրանա +8-ից +13, իսկ ցուրտ օդի ներհոսքի դեպքում, գիշերային ժամերին՝ -12-ից -16 աստիճանի:
    
     Սյունիքի մարզ
    
     Նախալեռնային գոտիներում ցերեկային ժամերին առանձին օրերին ջերմաստիճանն առավելագույնը կհասնի +2-ից +7 աստիճանի, հովտային գոտիներում՝ մինչև +10-ից +14 աստիճանի: Ցուրտ օդի ներթափանցման դեպքում հովտային գոտում կնվազի -10-ից -15, իսկ լեռնային շրջաններում՝ -15-ից -20 աստիճանի սահմաններում:
    
     Երևան
    
     Տաք օդային ալիքների դեպքում, առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +8-ից +10 աստիճանի, իսկ ցուրտ ալիքների դեպքում Երևանի ցածրադիր հատվածում կարող է հասնել -20-ից -22, իսկ բարձրադիր հատվածում՝ մինչև -11-ից -13 աստիճանի:
    
     Դեկտեմբերի 1-ից մինչև 5-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի տատանումներ չեն կանխատեսվում, միայն դեկտեմբերի 1-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով ջերմաստիճանը կնվազի: Երևանում և Արարատյան դաշտում գիշերային ժամերին ջերմաստիճանը հիմնականում -2-ից -4 աստիճանի սահմաններում կլինի, իսկ ցերեկը կանխատեսվում է մինչև +7-ից +9 աստիճան տաքություն:
28903 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am