Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները». Սերժ Սարգսյան (տեսանյութ)

11:50, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
«Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները». Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որի ընթացքում խոսվել է ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի արդյունքների մասին:

Շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից։

Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրոմիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի։

Պարոն նախագահ, ևս մեկ հարց՝ տարածաշրջանի անվտանգության հետ կապված, այս համաձայնագիրը կնպաստի՞ նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքայի՞ն մի ուղղություն է։

Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանն սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է։

Դուք վերջերս եք եղել Ռուսաստանում, հանդիպել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որևէ առարկություն, որևէ վերապահում եղե՞լ է այս համաձայնագրի հետ կապված։

Ես նոր ժողովի ժամանակ նաև դա ասացի՝ արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրոմիության հետ մեր համագործակցելու առումով։

Եվ վերջին հարցը․ պարոն նախագահ, 2018-ից հետո ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու եք ղեկավա՞րը Հայաստանի։

Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ։

4905 | 3
Facebook